Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում․ ո՞րն է տարբերությունը (տեսանյութ)

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը վերաբերում է 7-12-րդ դասարաններում մի քանի առարկաներ դասավանդող ուսուցիչներին։ Նրանք ատեստավորումն անցնելուց հետո կստանան աշխատավարձի հավելավճար․ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Հայոց լեզու, գրականություն, հայ գրականություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն դասավանդող ուսուցիչները, նրա խոսքով, կարող են դիմել ԿԳՄՍՆ։ Մայիսի 3-ից դիմումներն արդեն ընդունվում են, և ինչպես Անդրեասյանը նշեց, դիմելու կարգը բավականին հեշտ է, ոչ մի ավելորդ թղթաբանություն չի պահանջում։ Դիմումներն ընդունվելու են մինչև մայիսի 31-ը․

«Այն ուսուցիչները, որ կցուցաբերեն 80-90% արդյունք, կստանան աշխատավարձի 30% հավելավճար, 90% և ավելի արդյունք ցուցաբերած ուսուցիչները կստանան աշխատավարձի 50% հավելավճար։ Նախնական հաշվարկներով ակնկալում ենք 2000-ից ավելի դիմումներ, և 1500-ից ավելի ուսուցիչներ կունենան հավելավճարներ», - ասաց Ժաննա Անդրեասյանը։

Մայիսի 3-ից հետո, նրա խոսքով, օրական մեկ տասնյակից ավելի դիմումներ են ստանում, և վերջին օրերին ակտիվությունն ավելի կմեծանա։ Նա նշեց, որ ուսուցիչները նաև հետաքրքրվում են՝ արդյո՞ք լինելու է ձևանմուշ, որի միջոցով կկարողանան պատկերացնել պահանջները, որ լինելու են գիտելիքների ստուգման ժամանակ․

«Գործընթացն իրականացնում է գնահատման և թեստավորման կենտրոնը։ Այս շաբաթվա ընթացքում ԳԹԿ-ի կողմից կհրապարակվեն կոնկրետ գրականության ցանկերը, ամբողջ գործընթացը լինելու է ծրագրային նյութի հիման վրա», - ասաց Ժաննա Անդրեասյանը։

Ինչպես նա նշեց, նախարարությունը որևէ կերպ հանրային ձևաչափով չի հրապարակելու ուսուցիչների մասնակցության վերաբերյալ արդյունքները։ 

Եթե ուսուցիչը ստանում է 70-80% արդյունք, նա համարվում է ատեստավորումն անցած, բայց հավելավճար չի ստանում։ Եթե ավելի ցածր է արդյունքը, Ժաննա Անդրեասյանի խոսքով, ուսուցիչը ևս մեկ անգամ պետք է անցնի գիտելիքների ստուգում մեկ տարի անց։ Եթե մեկ տարի անց էլ ուսուցիչը նույն արդյունքներն է ցույց տալիս, ապա արդեն կարող է որոշվել նրա՝ այդ պաշտոնում հետագա աշխատանքի հարցը։

Բանախոսի պնդմամբ՝ հաճախ հնչող հարցերից է, թե արդյո՞ք փոխարինող ուսուցիչները կարող են դիմել։ Ծրագրի սկզբունքն այն է, որ եթե մարդ ուսուցիչ է, կարող է դիմել։ Այստեղ ուղղակի պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ փոխարինող ուսուցիչը ժամանակավոր է և գիտելիքների ստուգումից հետո հավելավճար կարող է ստանալ միայն այն ժամանակահատվածի համար, որ կփոխարինի․

«Եթե ուսուցիչը նաև դասավանդում է  բուհում, այս պարագայում ևս կկարողանա դիմել։ Մի քանի դպրոցում աշխատող ուսուցիչները կկարողանան դիմել իրենց հիմնական աշխատավայր հանդիսացող դպրոցից։ Եթե ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա, պետք է մասնակցի գիտելիքների ստուգմանը միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ», - ասաց նա։

Հետագայում, արդեն առաջին փուլի արդյունքներից հետո, Ժաննա Անդրեասյանի խոսքով, կքննարկեն դրա հնարավոր լրամշակման, ավելի շատ առարկաներ ընդգրկելու և որոշ խմբի ուսուցիչների համար պարտադիր դիտարկելու հնարավորությունը․

«Ինչ վերաբերում է պարտադիր ատեստավորման գործընթացին, Հանրակրթության մասին օրենքով սահմանված է պահանջ, որ յուրաքանչյուր ուսուցիչ 5 տարին մեկ պետք է անցնի պարտադիր ատեստավորման գործընթաց, որ իրենից գիտելիքի ստուգում չի պահանջում, այլ ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը», - ասաց Ժաննա Անդրեասյանը։

Օրենքով պարտադիր ատեստավորումից առաջ էլ, նրա խոսքով, ուսուցիչները վերապատրաստում են անցնում, որից ստացած փաստաթուղթը նույնպես կցվում է մնացած փաստաթղթերի հետ, և այս գործընթացում նույնպես փոփոխություններ կան․

«Նախկինում վերապատրաստումը իրականացվում էր Կրթության ազգային ինստիտուտի կողմից, այժմ երաշխավորված կազմակերպությունները կարող են վերապատրաստել ուսուցիչներին, և ուսուցիչներն են որոշելու՝ որ կազմակերպության վերապատրաստմանը մասնակցել», - ասաց նա։

Գիտելիքների կամավոր ստուգումը կանցկացվի արդեն սեպտեմբերին, և Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նոյեմբերին արդեն գուցե ատեստավորում անցած ուսուցիչները ստանան հավելավճարով աշխատավարձ։ Գիտելիքների ստուգման բոլոր տեխնիկական մանրամասներն արդեն առկա են ԿԳՄՍՆ-ի կայքում։

Հանրապետությունում հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար  այս  տարի  Վերջին զանգի միջոցառումներ կանցկացվեն:

«Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, հորդորում ենք փորձել միջոցառումը կազմակերպել բացօթյա եղանակով, եթե, դրա հնարավորությունն առկա է դպրոցում՝ հնարավորինս սահմանափակելով մասնակիցների թիվը և պահպանելով կանոնները, որոնք գործում են նման միջոցառումներ կազմակերպելիս»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյանը նաև հայտնեց, որ մեկ այլ շրջաբերականով դպրոցները զգուշացվել են այն մասին, որ զերծ մնան Վերջին զանգի դրամահավաքներից:

«Արդեն իսկ ստանում էինք այդ գործընթացի հետ կապված ահազանգեր: Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ ցանկացած իրավիճակում խուսափել այն դրամահավաքներից, որոնց մասով ահազանգեր ենք ստանում: Կարծում եմ, որ մենք, երբ խոսում ենք ուսումնական պրոցեսը վերաիմաստավորելու մասին, դրա կարևոր բաղադրիչն է հասկանալ՝ գումարը չէ, որով որոշվում է գործընթացին տրվող նշանակությունն ու կարևորությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: