Բացել լրահոսը Փակել լրահոսը
183509291_3793012354129589_4503518761565815899_n
A A
Քաղաքականություն

Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը

 
ԱԺԲ-ն գաղափար է, մեր ընթացքը՝ անկասելի
 
Ի հեճուկս Հայաստանը քաոսի տանող արտաքին ուժերի և նրանց սպասարկող ներքին շրջանակների, Ազգային-ժողովրդավարական բևեռին հաջողվում է օրեցօր համախմբել ժողովրդին ինքնիշխան և կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն կառուցելու գաղափարի շուրջ՝ դառնալով երկրում կայունության ապահովման թիվ մեկ քաղաքական գործոն։
Ազգային-ժողովրդավարական բևեռի Հռչակագրում ներկայացված՝ առողջ ուժերի հնարավորինս լայն վերկուսակցական ներառականությամբ հակաճգնաժամային անցումային կառավարման միջոցով երկիրը խորը համակարգային ճգնաժամից հանելու ծրագիրը շարունակում է մնալ որպես անխուսափելի լուծում Հայաստանի և նրա հասարակության համար։
 
Հաշվի առնելով, որ առկա ճգնաժամը հիմնականում հետևանք է Ռուսաստանից Հայաստանի կիսագաղութային կախյալության, դրա հաղթահարման համար կենսականորեն անհրաժեշտ ենք համարում Հայաստանի ապագաղութացումը և, զուգահեռաբար՝ նրա անվտանգության ապահովումը և քաղաքակիրթ աշխարհին ինտեգրումը, ինչն առաջնահերթորեն հնարավոր ենք համարում ԱՄՆ ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու և Եվրոպական Միության ու Եվրոպական այլ կառույցների հետ համակողմանի և խորը համագործակցության միջոցով։
 
Վերահաստատում ենք մեր հավատարմությունը ինքնիշխան և կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն կառուցելու նպատակին և դրա իրագործմանը հասնելու ժողովրդավարականության ու սահմանադրականության սկզբունքներին։
 
Ասվածի համատեքստում արձանագրում ենք, որ նախաձեռնված ընտրական գործընթացը ոչ միայն չի լուծելու առաջացած համակարգային հիմնախնդիրները, այլև էլ ավելի է խորացնելու դրանք։
 
Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ անսասան մնալու դրսից և ներսից հրահրվող սադրանքների, քաղաքական առևտրի առաջարկությունների, տարատեսակ տեղեկութային և այլ հարվածների նկատմամբ։
 
Ազգային-ժողովրդավակական բևեռը գաղափարի շուրջ միավորում է։ Բևեռական գործիչները և քաղաքական շրջանակներն այնքանով են կենսունակ և արժանավոր, որքանով նախանձախնդիր են այդ գաղափարի նկատմամբ։
Համոզված ենք, որ Ազգային-ժողովրդավարական բևեռի մասնակիցները, աջակիցներն ու համակիրները այսուհետ ևս հաստատակամորեն կմնան և կգործեն գաղափարականության, արժեքների և սկզբունքայնության տիրույթում։
Բոլորին կոչ ենք անում լինել համախմբված և մայիսի 14-ի մեր հերթական հանրահավաքին հոծ մասնակցությամբ շարունակել պայքարը հանուն մեր երազած Հայաստանի։
 
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ