Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սահմանադրական_դատարան
A A
Քաղաքականություն

ՍԴ-ը ռազմական դրության մասին որոշման մեջ մի բառակապակցություն համարել է հակասահմանադրական

Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշումը՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումը քննելուց հետո։

Նոյեմբերին Պաշտպանը  դիմել էր  ՍԴ՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով:

Սահմանադրական դատարանը, քննելով դիմումը,  Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետի՝ «դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող» բառակապակցությունը ճանաչել է Սահմանադրության 42-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: 

9.1-ում կետում նշված էր՝  պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

Դատարանը նույն որոշման հավելվածի 9.2-րդ կետը,  որով «արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը», համարել Սահմանադրությանը համապատասխան։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182.5-րդ հոդվածի 5-7-րդ մասերը, դրանց հետ փոխկապակցված 13-րդ և 14-րդ մասերը  եւս համարվել է Սահմանադրությանը համապատասխան։

Պաշտպանը իր դիմումում  ընդգծել էր, որ լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, առանձին լրագրողների ու քաղաքացիների համար պետք է հստակ ամրագրված լինի, թե կոնկրետ որ դեպքում իրենց քննադատությունը, կարծիքը կամ դիրքորոշումը կհակասի ռազմական դրության ընթացքում գործող սահմանափակումներին և կոնկրետ ինչի համար ու ինչ պատասխանատվություն կառաջանա, եթե նրանք թույլ տան այդ սահմանափակումների խախտումներ:

Սահմանադրական դատարանն իր հերթին գտել է, որ «իրավակիրառ պրակտիկայում անձի/լրատվամիջոցի նկատմամբ վերը հիշատակված պատասխանատվությունը կիրառելիս իրավակիրառողը պետք է հաշվի առնի անձի/լրատվամիջոցի գույքային դրությունը և օրենքով թույլատրելի շրջանակներում կիրառի հնարավորինս մեղմ տուգանքի չափ բոլոր այն դեպքերում, երբ առկա է իրական վտանգ, որ առավել խիստ տուգանքի չափի կիրառմամբ անձի/լրատվամիջոցի վրա կդրվի անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության վրա, լրատվամիջոցի դեպքում՝ անխուսափելիորեն կհանգեցնի  վերջինիս գործունեության դադարման (այդ թվում՝ փաստացի), ինչն անընդունելի է՝ պայմանավորված ժողովրդավարական հասարակությունում լրատվամիջոցների ունեցած կարևոր դերակատարությամբ»:

 Մանրամասներն այստեղ