Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մայիսի 7-ի օրերը. ծեծի ենթարկվեց «Շանթ»-ի մեկնաբան Նվեր Մնացականյանը (տեսանյութ) (տեսանյութ)

1994-ին Երեւանում էր ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովը։ Նախապատրաստվում էր Արցախյան պատերազմում հրադադարի համաձայնագիրը։ Գրաչովը խոստանում էր հրաժարվել միջնորդական ջանքերից, եթե Հեյդար Ալիեւը չհամաձայներ ստորագրել փաստաթուղթը։ Ջանքերն ապարդյուն չանցան. Հրադադարի համաձայնագիրը մայիսի 9, 10, 11-ին հաջորդաբար ստորագրեցին Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարները։ Հրադադարն ուժի մեջ մտավ մայիսի 12-ից։

1997-ի մայիսի 7-ին նախագահ Տեր-Պետրոսյանն ընդունեց ԵԽԽՎ նախագահ Լենի Ֆիշերի պատվիրակությանը։ Քննարկվում էր Հարավային Կովկասի պետությունների՝ Եվրոպայի Խորհրդի անդամակցության հարցը։ ՀՀ նախագահը համոզմունք հայտնեց, որ միջազգային հեղինակավոր կառույցին անդամակցությունը կնպաստի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։

1997-ի այս օրը Հաղթանակի տոնը նշելու համար Ժուռնալիստների միությունում հավաքվել էին Մեծ հայրենականի մասնակից լրագրողները։ Երգիչ-երգահան Վահան Արծրունին հանդիսատեսի դատին ներկայացրեց իր առաջին ռեժիսորական փորձը՝ «Զորաց ոգի» տեսաֆիլմը՝ նվիրված Սիսիանի ջոկատի ազատամարտիկներին։ Արծրունին ինքն էլ այդ ջոկատի մարտիկ էր։

2009-ի մայիսի 7-ին՝ կեսգիշերին մոտ, Մարգարյան փողոցում 2 անհայտ անձ ծեծի ենթարկեցին «Շանթ» հեռուստաըներության մեկնաբան Նվեր Մնացականյանին։

2010-ի մայիսի 7-ին պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն առաջարկում էր ՀՀ նախագահների ցուցակից ջնջել Ռոբերտ Քոչարյանի անունը։

2001-ին այս օրը Սպիտակում հերթական շենքի բացումն էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կառուցել էր բրիտանահայ համայնքի նվիրատվություններով։ Հիմնադրամի ղեկավարությունը հավաստիացնում էր, որ աղետի գոտու շինարարության մեջ ընդգրկված կազմակերպությունների թիվն ավելանում է։

2012-ի մայիսի 7-ին ԱՊՀ դիտորդները հերթական անգամ շտապեցին առաջինը հայտարարել, որ նախօրեին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են միջազգային նորմերին համապատասխան, իսկ արձանագրված որոշ խախտումներն էլ եղել են սոսկ տեխնիկական։

2012-ի այս օրը կառուցապատողը, որ ինչպես պարզվելու էր, Սամվել Մայրապետյանն էր, քանդում էր ԱՕՔՍ-ի շենքի հետնամասը՝ դրա փոխարեն հյուրանոց կառուցելու նպատակով։