ԱՀ ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ ԳՆԱՆ-ին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 7-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։
Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան լուրջ սպառնալիքներ է ստեղծել Արցախի Հանրապետության ջրային անվտանգության համար։ 2020 թ. նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, որն Արցախի ջրային ռեսուրսների հիմնական աղբյուրն է։ Այժմ Արցախի Հանրապետությունում օգտագործվող ջրի մոտ 98%-ը սկիզբ է առնում Քարվաճառում։ Այնտեղ են գտնվում նաև Սևանա լիճը սնուցող Արփա և Որոտան գետերի ակունքները։ Սևանում է կենտրոնացած Հայաստանի ջրային ռեսուրսների 80%-ը. առանց այդ գետերի Սևանին բնապահպանական աղետ է սպառնում։
Այսպիսով, այսօր ավելի քան երբևէ Արցախի Հանրապետության պատմության ընթացքում, չափազանց կարևոր է ապահովել արցախցիների ջրօգտագործման իրավունքը և Հանրապետության ջրային անվտանգությունը։ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ էթնիկ զտման մշտական սպառնալիքին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող և համակարգվող հայատյացության երկարամյա պետական քաղաքականությանն ու էթնիկ հայերի դեմ ատելության քարոզչությանը հակազդելու համար անհրաժեշտ են անվտանգային լուրջ միջոցառումներ:
Նամակներում նաև նշվում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները կոչ են անում ԵԱՀԿ-ին մշտադիտարկման միջազգային առաքելություն իրականացնել այն գոտում, որտեղ սկիզբ են առնում վերոնշյալ գետերը։ Հակառակ դեպքում, կվտանգվի ոչ միայն Արցախի ժողովրդի ջրօգտագործման հիմնարար իրավունքը, այլ նաև՝ ընդհանրապես բնակչության գոյությունը։