Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դատավոր Արման Հովհաննիսյանը՝ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի մասին (տեսանյութ)

Դատավոր Արման Հովհաննիսյանն այսօր դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին։

Դատավորը նշեց, որ միջնորդությունը դեռևս ԲԴԽ չի գնացել, տրված է 15-օրյա ժամկետ։ Հովհաննիսյանն ասաց՝ իր գործողություններում կարգապահական վարույթի խախտում չկա, պատասխան դեռ չի ներկայացրել և չունի որոշում՝ ներկայացնելու է, թե ոչ։

Դատավորը հայտնեց նաեւ, որ վարույթը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին՝ «Աշոտ Երկաթին» չկալանավորելու իր կողմից կայացված որոշմանն է վերաբերում, բայց թե ինչումն է իր խախտումը, Հովհաննիսյանն ասում է՝ չգիտի։

«Հարուցման որոշման մեջ վերևի տողում գրված է, որ հիմնավոր կասկածի առկայության բացակայությունը առերևույթ չպատճառաբանված է, սակայն մի քանի տող ներքև գրված է, որ դատարանը դուրս է եկել դատական վերահսկողության սահմաններից և անդրադարձել այնպիսի հարցերի, որոնք իր քննարկման թեման չեն։ Հիմա ես չեմ հասկանում՝ այս դատական ակտը չպատճառաբանված է, թե շատ պատճառաբանված է, որ սահմաններից դուրս եմ եկել», - նշում է դատավորը։

Հովհաննիսյանն ասում է, որ ողջամիտ կասկածներ ունի, որ սա միջամտություն է իր անաչառությանը և անկախությանը։

«Երբ ես Աշոտ Մինասյանի խափանման միջոց կալանքի միջնորդությունը քննարկեցի ու չբավարարեցի այդ միջնորդությունը, դրան հաջորդեց մի շարք պետական մարմինների, պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԲԴԽ անդամ-թեկնածուների հայտարարությունները։ Ճիշտ է, որ Աշոտ Մինասյան անունը ոչ ոք չի տվել, բայց այնպիսի հանգամանքներից էին խոսում, որ բոլորին էլ պարզ էր՝ այդ գործը վերաբերում էր հենց Աշոտ Մինասյանին։ Նրանք չէին արտահայտվում՝ չեզոք գնահատականներ տալով, իրենց մտահոգությունն էին արտահայտում, տարօրինակ էր իրենց թվում»։