Բացել լրահոսը Փակել լրահոսը
p0dgh96dSd2Fe6iQ
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

3 տարում ԱԱԾ 5 ղեկավար փոխելու մեջ միտում կարող ենք տեսնել․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Այսօր այն օրը չէ, որ որևէ մեկը կանգնի հայելու առջև և ասի՝ ես իմն արդեն արել եմ հայրենիքի համար, հիմա մյուսների հերթն է․ չկան մյուսներ, կա արյունաքամ լինող հայրենիք, այս մասին «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի ասուլիսում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ այս միության ստեղծումը այլևս պարտադիր պահանջ էր այն դեպքում, երբ երկիրը գտնվում է աղետալի վիճակում։ Այս պարագայում անելիք ունեին հայրենիքի իսկական նվիրյալները։

Ասուլիսի սկզբում  երբ  հայտարարվեց, որ կառույցն ապաքաղաքական է, լրագրողներից մեկը  հարցրեց՝  ՀԿ-ի կազմում է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ինչպե՞ս հասկանալ դա։

Վանեցյանը կրկնեց ՝ կազմակերպությունն ապաքաղաքական է․ «Բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ այս կազմակերպությունը գործելու է ոչ որպես որևէ քաղաքական ուժի, այդ թվում՝ ինձ աջակցելու համար։ Մենք գործելու ենք բացառապես մեր երկրի ու պետության շահերից ելնելով։ Կարծում եմ, որ այսօր մեր ՀԿ-ում հավաքվել են շատ բանիմաց սպաներ և համոզված եմ, որ մեր շարքերը դեռ համալրվելու են»։

Հայաստանի սահմանների նոր գծագրումների վերաբերյալ ի՞նչ տեղեկատվության են տիրապետում՝ հարցին՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը պատասխանեց, որ նոր սահման է ձևավորվել, որ նախկինում չկար՝ Արաքսի ափից մինչև Վարդենիսի Սոթքը և որը մինչև հիմա ճշտված չէ։ Այն, ինչ այսօր կատարվում է սահմանում, սխալ է, քանի որ սահմանագծման հիմնական աշխատանքները պետք է կատարի Արտաքին գործերի նախարարությունը․

«Այսօրվա մեր հարաբերություններն Ադրբեջանի հետ անհնար է դարձնում սահմանազատման աշխատանքների իրականացումը։ Ես գտնում եմ, որ հնարավոր է այդ աշխատանքները կատարել, եթե միջնորդ պետություն լինի։ Կարելի է Ռուսաստանին խնդրել լինել միջնորդ», - ասաց Արմեն Աբրահամյանը։

Գնդապետ Միքայել Համբարձումյանն էլ հավելեց՝ Ադրբեջանցիները կամաց-կամաց տեղաշարժում են իրենց դիրքերը հասկանալով, որ դա օրինական ճանապարհով, բանակցություններով չի լուծվելու։ Եվ դիրքեր են ամրապնդում մեր լռակյաց անզորության արդյունքում։

Լրագրողներից մեկը նշեց, որ անսովոր է ԱԱԾ աշխատակիցներին, թեկուզ՝ նախկին, տեսնել լրատվամիջոցների հետ այսքան բաց շփման մեջ, Վանեցյանը պատասխանեց, երբ նա հեղափոխությունից հետո նշանակվեց ԱԱԾ տնօրեն, մարդկանց մեջ կար կարծրատիպ՝ նրանց նույնացնելու նախկին վատ բարքերի հետ ու կար նպատակ կոտրելու իրենց մեջ սպառնալիք տեսնելու կարծրատիպը և մարդկանց տանելու դեպի վստահություն․

«Կարճ ժամանակում ԱԱԾ-ն Հայաստանում դարձավ ամենահեղինակավոր կառույցներից մեկը։ 2019թ․ սեպտեմբերին՝ իմ հրաժարականի դիմումի մեջ, ես փորձել եմ մատչելի ներկայացնել այն պատճառները, որ դրդեցին ինձ դրան։ Այն կանխատեսումները, որ եղել են իմ հրաժարականի տեքստում, ցավոք, իրականության դարձան։ Մենք կարող ենք նաև տեսնել միտում՝ 3 տարվա մեջ ԱԱԾ 5 տնօրենի փոփոխության մեջ։ Այս կառույցում ղեկավարներին այդքան հաճախ չեն փոխում», - ասաց Արթուր Վանեցյանը։

Դատական իշխանությունների և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հանդեպ քրեական հետապնդման վերաբերյալ հարցին Վանեցյանը պատասխանեց, որ Վարդազարյանը հետապնդվում է նրա համար, որ փորձել է ապահովել դատական իշխանությունների անկախությունը բոլոր ուժերի ազդեցությունից․

«Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հետապնդումը համարում եմ քաղաքական։ Ես ու պարոն Վարդազարյանը վաղուց ընկերներ ենք ու ես հպարտ եմ, որ ունեմ նման ընկեր», - ասաց Արթուր Վանեցյանը։

Թուրքիայի հետ սահմանների հնարավոր բացման վերաբերյալ Արթուր Վանեցյանն ասաց, որ ՀՀ-ի անվտանգային համակարգը և տնտեսությունը պատրաստ չեն Թուրքիայի հետ սահմանների բացմանը և այս հարցն այս փուլում օրակարգից պետք է հանվի։

Հիշեցնենք, որ 2021թ․ ապրիլի 15-ին ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանի, ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ  Արզումանյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել  Համբարձումյանի կողմից հիմնադրվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն, որին անդամակցում նաև ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանը, Գեներալ-մայոր, ԱԱԾ վարչության նախկին պետ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Սանամյանը, եւ այլոք։