Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵԱՀԿ
A A
Պաշտոնական

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
 
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հանդես են եկել հայտարարությամբ:
 
Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից պահվող հայազգի Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը և կոչ անում երկու կողմերին լիարժեք ու արագ ավարտին հասցնել գերիների, պահվող անձանց և աճյունների փոխանակման գործընթացը և հարգել պահվող անձանց հանդեպ մարդասիրական վերաբերմունք հանդես բերելու իրենց պարտավորությունները։
 
Անդրադարձ կատարելով ապրիլի 13-ի հայտարարությանը՝ Համանախագահները հորդորում են կողմերին հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծում կատարելու նպատակով միմյանց փոխանցել բոլոր անհրաժեշտ տվյալները և վերացնել Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները, այդ թվում՝ միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Համանախագահները խրախուսում են, որ կողմերը ձեռնարկեն կոնկրետ քայլեր տևական խաղաղության հաստատմանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ կարգավորելով մնացյալ խնդրահարույց հարցերը, որոնք ներկայացված էին Համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության մեջ։ Սա ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում բարձր մակարդակում քաղաքական երկխոսության վերսկսումը Համանախագահների հովանու ներքո։