Բացել լրահոսը Փակել լրահոսը
040521Aknaberd 1
A A
Պաշտոնական

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում․ Արայիկ Հարությունյանն այցելել է Հաթերքի ենթաշրջան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերքի ենթաշրջան և Շահումյանի շրջանի Ակնաբերդ համայնք

Երկրի ղեկավարը հանդիպել է տեղի բնակչության ու շրջանների ղեկավարության հետ և քննարկել համայնքներում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները և ենթաշրջանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր:

Նախագահը նշել է, որ Գետավանում, Զարդախաչում, Հաթերքում, Զագլիկում, Չափարում և Ակնաբերդում շարունակվելու են շինարարական աշխատանքները՝ ուղղված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար նոր բնակելի տների կառուցմանը, հին բնակֆոնդի վերանորոգմանը և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանն ու վերակառուցմանը: Այդ համատեքստում Նախագահը հատուկ ընդգծել է իրականացվող աշխատանքների բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով դրանց պատշաճ կատարման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև շրջաններում գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին և նշվել դրանց նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը

Անդրադառնալով անվտանգային միջավայրին՝ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Արցախի Հանրապետությունն այդ ոլորտի խնդիրները փորձում է լուծել համադրելով Պաշտպանության բանակի, Հայաստանի Հանրապետության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերը և կողմնակից է բոլոր խնդիրների խաղաղ կարգավորմանը

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը եղել և մնում է օրակարգում»,- նշել է նախագահ Հարությունյանը: