Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ապրիլյանի զեկույցում շատ բաներ մանրակրկիտ ներկայացվեցին, բայց շատ հարցեր կան․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին, որը քննարկվում է փակ նիստում, նշեց, որ ներկայացվել են որոշակի դրվագներ, գործոններ, որոնց մասին խոսել չի կարող, քանի որ նիստը փակ է

«Ապրիլյանի զեկույցում շատ բաներ մանրակրկիտ ներկայացվեցին, բայց շատ հարցեր կան»,-նշեց Միքայել Մելքումյանը։

Այնուհետ պատգամավորն արձագանքեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի այն պնդմանը, թե  ողջամիտ չէ վարկային համաներում անցկացնելը, ինչ մասին խոսել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը

«Միանշանակ գտնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի առաջարկը՝ զրոյացնել, ներել մինչեւ 3 մլն դրամի վարկերը, տեղին է, գերարդիական է, այն քննարկված է մասնագիտական բարձր մակարդակով։ Հենց ԿԲ նախագահի մեկնաբանությունը թերեւս ապացուցում է այդ առաջարկի հիմնավորվածությունը, առ այն, որ ժամանակին այդպիսի ներում, զրոյացում կիրառվել է վարկառուների տարբեր խմբերի համար, որի արդյունքում 50 տոկոսը բարելավել է իր վիճակը, մյուս 50 տոկոսը խնդրահարույց է եղել, նորից հայտնվել են վարկերի տակ: Երբ պատերազմ է, համաճարակ է եւ չկա աշխատատեղ, չկա պայման, որ մարդիկ վարկեր վերցնելով իրենց գործունեությունը ծավալեն բնականոն, որեւէ ակնկալիք, որ իրենք բարվոք վիճակում պետք է դուրս գան այդ վիճակից, չեն կարող ունենալ»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանն ընդգծեց, այս միջոցառումը իրականացնելու են  լրիվ նոր տնտեսական քաղաքականության պայմաններում.

 «Եթե մենք նայենք վարկերի քանակի դինամիկային, ապա կտեսնեք, որ վերջին 2,5-3 տարիներին 1,65 մլն-ից վարկերն աճել են մինչեւ 2,2 մլն-ից ավել: Այդ վարկերի հիմնական մասը սպառողական վարկեր են, մի մասը գյուղացիական, մի մասը ուսանողական, մի մասը վիրահատվելու, բուժվելու: Այսինքն մարդիկ չեն կարողանում ապրել, վարկ են վերցնում, որ գոյատեւեն: Եթե այս նույն դրամավարկային քաղաքականությունը շարունակվի, եւս 1-1,5 տարի հետո վարկերը կարող են հասնել 4-4,5 մլն-ի»: 

Մելքումյանը պնդեց՝ պետք է մարդկանց ազատագրեն վարկերից, որպեսզի մարդիկ շնչեն, բայց հետո բանկային  համակարգն այնպես պետք է աշխատի, որ վարկերը ճիշտ ուղղությամբ աշխատեն։