Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոմային» և Հենրիխ Մխիթարյանին լուրջ փորձություններ են սպասվում մրցաշրջանի վերջում

Հռոմի «Ռոման», Իտալիայի Ա սերիայի 34-րդ տուրի խաղում 0:2 հաշվով պարտվելով «Սամպդորիային», զրկվեց առաջին քառյակ մտնելու, դրա հետ միասին ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գալիք խաղարկության ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Հռոմեական ակումբն առաջնության ավարտից չորս տուր առաջ 55 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը, իսկ ահա 4-րդ հորիզոնականում գտնվող «Միլանն» արդեն 14 միավորի առավելություն ունի:

 Ինչպես նշում են իտալական լրատվամիջոցները, «Ռոման» դեռ հնարավորոթյուն ունի հայտնվելու չեմպիոնների լիգային հաջորդ մրցաշարում, սակայն դրա համար հարկավոր է հաղթել Եվրոպայի լիգայի ներկայիս խաղարկությունում: Սակայն, խնդիրն այն է, որ կիսաեզրափակիչ առաջին խաղում հռոմեական թիմը հյուրընկալվելիս 2:6 հաշվով պարտվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Եզրափակիչ մտնելու համար պետք է տանը հաղթել նվազագույնը 4:0 հաշվով:

Անհաջողության դեպքում անգամ «Ռոման», այնուամենայնիվ, կարող է դառնալ եվրոգավաթային նոր մրցաշարի մասնակից, սակայն դրա համար հարկավոր է պահպանել 7-րդ հորիզոնականը: Բանն այն է, որ 8-րդ տեղում ընթացող «Սասուոլոն» վերջին հինգ խաղերում տարել է 4 հաղթանակ և այժմ հռոմեացիներից ետ է մնում ընդամենը 2 միավորով: Դա նշանակում է, որ «Ռոմային», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սպասվում է լուրջ փորձություններ մրցաշրջանի վերջում:

Առաջիկա հանդիպումը հռոմեական ակումբը կանցկացնի մայիսի 6-ին, «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Այնուհետև խաղերը կկայանան մայիսի 9-ին, 12-ին, 15-ին և 23-ին: