Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Պաշտոնական

Մեր հետագա քայլերն ուղղված են լինելու յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություններ ստեղծելուն․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Նիկոլ Փաշինյանի ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Բոլորիս շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։
 
Կորոնավիրուսի համավարակի ճգնաժամը, այնուհետև պատերազմը մեր առջև բացել են բազմաթիվ մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է միայն բոլորիս համատեղ ամենօրյա աշխատանքով, յուրաքանչյուրիս անհատական ջանքով, ստեղծագործական ներուժի լիարժեք իրացմամբ: 2020 թվականի ճգնաժամը ցույց տվեց բոլոր այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ մեր անկախությունից ի վեր թերացել ենք, դրանց ամենայն լրջությամբ չենք վերաբերվել՝ լինի օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով:
 
Վերջին երեք տարիների ընթացքում մեր կառավարության հիմնական խնդիրն է եղել քաղաքացիներին խրախուսելը՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու սեփական ուժերին և հաջողությանը։ Կարծես դա սկսել էր արդյունք տալ, սակայն նախորդ տարվա ճգնաժամերը, ցավոք սրտի, խաթարեցին մեր առաջընթացն ու զարգացմանը միտված գործողությունները:
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Մեր հետագա քայլերն ուղղված են լինելու յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություններ ստեղծելուն, քաղաքացիների կարողությունների զարգացմանը, կրթության համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, հմտությունների, գիտելիքների անընդհատ զարգացմանը: Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, և մենք այդ ուղղությամբ ևս իրականացնում ենք հետևողական քայլեր:
 
Հայ ժողովուրդն աշխատող է, ստեղծարար, տաղանդավոր և իր անմնացորդ աշխատանքով կառուցելու է իր երազած հայրենիքը: Մենք պետք է բոլորով շարժվենք այդ նպատակի իրականացման ուղղությամբ, ուղղենք մեր մեջքը, հավատանք մեր ուժերին և մեր աշխատանքով կառուցենք ամուր, զարգացած, նորարարական և ապագային նայող պետություն:
 
Այդ գործընթացը սկսվել է և հասնելու է իր նպատակակետին՝ ի հեճուկս ճգնաժամի, պատուհասած պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների ու դժվարությունների:
 
Հայաստանում ապագա կա, և այդ պայծառ ապագան կերտելու ենք եռանդուն ու ստեղծագործ աշխատանքով:
 
Շնորհավոր Մայիսի 1 և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը: