Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 29.04.
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը (տեսանյութ)

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 15-րդ հաշվետու ընտրական համաժողովը։ Այն վարեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Նախ փոփոխություններ մտցվեց ՀԲՖ կանոնադրության որոշ կետերում, քանի որ դրանք չէին համապատասխանում ինչպես ՀՀ սահմանադրությանը, այնպես էլ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի պահանջներին։ Դրանից հետո նոր սկսվեց նախագահի ընտրություններ։

Համաժողովի ընթացքում պարզվեց, որ ֆեդերացիայի նախագահի թեկնածուներից Իլյա Վարովը չէր ներկայացել ժողովին, իսկ Էդգար Կարապետյանը տեղում ինքնաբացարկ հայտնեց։ Այդպիսով, ընտրությանը մասնակցելու իրավունք ստացան Իսրայել Հակոբկոխյանն ու Հովհաննես Հովսեփյանը։

Համաժողովր 95 պատվիրակներից ընտրությանը մասնակցեցին 92-ը։ Փակ-գաղտնի ընտրության արդյունքում 67 ձայն հավաքեց Հովհաննես Հովսեփյանը, 10 ձայն՝ Իսրայել Հակոբկոխյանը, իսկ 15 քվեաթերթիկ անվավարեր ճանաչվեց։ 

Այդպիսով, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը, որը մինչ այդ գլխավորում էր երեք տարի առաջ ստեղծված Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիան։

Համաժողովից հետո ինչպես նշեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, գլխավորն այն է, որ համաժողովը նորմալ անցավ, ոչ մի դժգոհություն չեղավ, և բռնցքամարտի մարդիկ կատարեցին միավորման առաջին քայլը։

Երկու շաբաթվա ընթացքում ՀԲՖ-ի նորընտիր նախագահը կկազմակերպի ևս մեկ համաժողով, որի ժամանակ կընտրվեն ֆեդերացիայի գործադիր կոմիտեի, մարզչական խորհրդի, մրցավարական և այլ կոմիտեների անդամները։