Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Թմրամիջոցների հետ կապված դատվածություն ունեցողները չեն կարողանա արդյունաբերական կանեփ արտադրել (տեսանյութ)

Գործադիրը հավանություն է տվել  «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել արդյունաբերական և գյուղատնտեսական նպատակներով կանեփի արտադրության գործունեության իրականացման հնարավորությունը ՀՀ-ում, լիցենզավորման առանձնահատկությունները, քվոտավորման պահանջը և պետական վերահսկողության իրավական կարգավորումը: Օրինագծերով առաջարկվում է օրենքով թույլատրել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման գործունեությունը, սահմանել լիցենզավորման առանձնահատկությունները և պարտադիր պահանջները: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում թույլատրվում է արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ Նախագծով հստակեցվել է, թե ինչ է իր մեջ ներառում արտադրական կանեփի արտադրությունը: Նախատեսվել են լիցենզավորման առանձնահատկությունները՝ հստակ կանոնակարգելով այն պարտադիր չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի լիցենզիա ստանալու համար, ինչպես նաև սահմանելով որոշ այլ չափանիշներ կառավարության կողմից լիցենզավորման կարգով նախատեսվելու դեպքում: Հստակ սահմանվել է լիցենզավորման ենթակա գործունեության քվոտավորման պահանջ: Նախագծով սահմանվել է լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականցման իրավական կարգավորումները:

Ինչպես նշել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, այս մշակաբույսն օգտագործվում է բազմազան ոլորտներում և ապրանքատեսակներում ինչպիսիք են՝ տեքստիլը, ավտոմոբիլային արտադրությունը, կահույքի մեջ է օգտագործվում, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների, բժշկության մեջ: Ըստ նրա՝ Եվրոպական միության տարածքում արդյունաբերական կանեփի վերաբերյալ կարգավորումները մշակված են միասնական գյուղատնտեսական քաղաքականության շրջանակում, դեռևս 70-ական թվականներից՝ գյուղատնտեսական ոլորտը դիվերսիֆիկացնելու նպատակով:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ նախատեսվում են լիցենզավորման առանձնահատկություններ՝ հստակ կանոնակարգելով այն պարտադիր չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի լիցենզիա ստանալու համար: «Կարգավորումները վերաբերում են նաև, թե ինչպիսին պետք է լինեն սուբյեկտները, քրեական որ հոդվածներով պատիժ կրած անձինք չեն կարող լինել մասնակից տվյալ ընկերություններում: Մասնավորապես՝ մասնակիցները, փոխկապակցված անձինք, իրական շահառուները և աշխատակիցները չեն կարողանալու զբաղվել տվյալ գործունեության տեսակով, եթե ունեն դատվածություն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության համար, անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ բավականին լուրջ վերահսկողության համակարգ է նախատեսվում ապօրինի շրջանառության կանխարգելման նպատակով:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, ըստ էության նոր ոլորտ են մտնում և ենթադրել, որ մեկ գործողությամբ միանգամից ամեն ինչ կկարգավորեն՝ այդքան էլ իրատեսական չէ: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ԱԺ-ում, միջգերատեսչական քննարկումներում, ենթաօրենսդրական ակտերն ընդունելուց պետք է պատշաճ ազդեցության գնահատում լինի, ռիսկերը հաշվառվեն, նույնականացվեն ռիսկերի կառավարման մեթոդները, գործիքակազմը հստակեցվեն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև այդ արտադրությունների նկատմամբ ամենաբարձր աստիճանի վերահսկողության անհրաժեշտությունը. «Կառավարությունը բոլոր լծակները պետք է ունենա, որպեսզի այդտեղ որևէ այլ զարգացում թույլ չտա և լիցենզավորումը, ընդհանրապես այն ֆինանսական և որակական պահանջները, որոնք դրվում են՝ հնարավորություն կտան, որ երաշխավորենք որևէ հարակից նեգատիվ էֆեկտից»: