Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականներին (տեսանյութ)

«Մենք միշտ զգացել ենք ձեր աջակցությունը, որն առավել ևս հիմա շատ կարևոր է». Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականներին Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են սենատոր, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, ԱԺ պատգամավոր, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Ժան-Պիեր Կյուբերտաֆոնը, պատգամավորներ Ժակլին Դյուբուան և Քսավիե Բրետոնը: «Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ մշտապես մեր կողքին լինելը: Շատ կարևոր է Ֆրանսիայի թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմնի բարձրաստիճան պատվիրակությունների այցը մեզ համար դժվարին ժամանակաշրջանում և մասնակցությունը Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումներին: Դա վկայում է Հայաստանին ու Արցախին բարեկամ Ֆրանսիայի համերաշխության, հայ-ֆրանսիական ավանդական կապերի և ընդհանուր ժողովրդավարական արժեքների մասին: Այս արձանագրումն արել եմ նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է Ֆրանսիայի առանցքային դերը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունմամբ (որի 20-ամյակը լրացավ այս տարի), 2019թ. ի վեր նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրմամբ և պետական մակարդակով ոգեկոչմամբ։ Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել զրուցակիցների անմիջական ջանքերի շնորհիվ ապրիլի 16-ին Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակման վերաբերյալ բանաձևի նախագիծը Ֆրանսիայի ԱԺ քննարկմանը ներկայացնելու համար։ Գի Տեսիեն նշել է, որ Ֆրանսիան իր պատմության ընթացքում դժվար փորձությունների, կործանարար պատերազմների միջով է անցել և լավագույնս հասկանում ու կիսում է այն ցավը, որը կրում է հայ ժողովուրդը: Նրա խոսքով՝ ամոթալի է, որ Ադրբեջանը չի հարգում պատերազմի օրենքները և ազատ չի արձակում հայ ռազմագերիներին: Հենց այդ նպատակին է միտված Ֆրանսիայի ԱԺ քննարկմանը համապատասխան բանաձևի ներկայացումը, ընդ որում՝ նախատեսվում է նման բանաձև ներկայացնել նաև Սենատի քննարկմանը: Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահն ընդգծել է, որ չնայած ծանր փորձություններին՝ Հայաստանի ու Արցախի վերածննդի հույսը միշտ կենդանի է, և Ֆրանսիան ամեն կերպ սատարելու է դրան: Այդ համատեքստում էր նաև 2020թ. դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից 188 կողմ և 3 դեմ ձայներով Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևի ընդունումը: Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչները կիսվել են Արցախ կատարած այցից տպավորություններով և ասել, որ այցելել են նաև Զինծառայողների վերականգնողական կենտրոն: Նրանք նշել են, որ ցնցվել են Եռաբլուրում, Ստեփականակերտի գերեզմանատանը տեսածից, շատ են ցավում բոլոր հայ ընտանիքների կորուստների համար և միևնույն ժամանակ, տպավորված են Հայաստանում և Արցախում այդ թվում երիտասարդների հետ ունեցած շփումներից, որոնք լի էին հույսով ու հավատով ապագայի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ քայլերին, հայ ռազմագերիների վերադարձի, Արցախ մարդասիրական աջակցություն ուղարկելու հետ կապված խոչընդոտներին, որոնք ստեղծում է Ադրբեջանը, զինծառայողներին բժշկական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ համագործակցությանը: Ֆրանսիացի խորհրդարանականներն ընդգծել են, որ շարունակելու են սատար կանգնել Հայաստանին ու Արցախին և աջակցել վերականգնման, զարգացման գործին: «Տպավորված եմ ձեր խոսքերից և պատրաստակամությունից: Մենք միշտ զգացել ենք ձեր աջակցությունը, որն առավել ևս հիմա շատ կարևոր է», - ի պատասխան նշել է Նիկոլ Փաշինյանը: