Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որոշ ընդդիմադիրներ պարտադրում են նախընտրական հիմնադրամին նվիրատվություն անել. Վահագն Հովակիմյան (տեսանյութ)

Պատիժների խստացումը չի կարող կանխել ապօրինի գործողությունները կամ իրավախախտումները, այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա անդրադարձավ «Իմ քայլի» պատգամավորների առաջարկած՝ ընտրական գործընթացների օրինականության բարձրացմանը նպաստող օրենքի նախագծին, որով առաջարկվում է ավելի խիստ պատժել ընտրությունների կարգը խոչընդոտողներին:

Անի Սամսոնյանը նշեց, որ որոշ դեպքերում կարող է հարց առաջանալ այդ պատիժների նշանակված սանկցիաների համաչափության վերաբերյալ և հարց ուղղեց զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին․ «Ուզում եմ երկու հոդվածի անդրադառնալ, առաջինը՝ ընտրություններին մասնակցող կուսակցության կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկությունների հրապարակմանը։ Նախ, սա գնում է զրպարտության դաշտ և զրպարտությունը Հայաստանում ապաքրեականացված է․ Մենք խնդիր ենք ունենալու միջազգային կոնվենցիաների հետ կապված։ Եվ երկրորդը՝ ինչո՞ւ նույնականացման ոչ ենթակա աղբյուրն է նշված։ Իսկ նույնականացման աղբյուրի դեպքում արարքը կարևո՞ր չէ։ Այստեղ մենք պետք է կարևորենք արարքը և նրա վտանգավորությունը, և ոչ թե նույնականացված աղբյուր է, թե ոչ», - ասաց նա։

Սամսոնյանի խոսքով՝ մարդն ունի անանունության իրավունք և ստացվում է, որ դա դառնում է քրեական հանցագործություն։ Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ շատ երկար են քննարկել բոլոր հարցերն ու, ամենայն հավանականությամբ, առաջինից երկրորդ ընթերցման փուլում այդ դրույթը նախագծից կհանվի, քանի որ այն երկիմաստ իրավիճակներ կարող է առաջացնել․

«Գործընկերների հետ քննարկելով՝ մենք եկանք եզրակացության, որ ավելի լավ է այս փուլում հանել, որպեսզի քաղաքական գործընթացների վրա ազդեցություն չունենա», - ասաց նա։

Ընդդիմությունը որևէ լծակ չունի մարդկանց հարկադրելու նվիրատվություն կատարել իր կուսակցության կամ հիմնադրամի օգտին, նշեց Անի Սամսոնյանը, բայց այլ հարց է իշխանությունը, որ ունի գործադիր վարչական լծակներ, որ կարող է միջոցներ գործադրել գործարարաների վրա՝ նվիրատվություն կատարել նախընտրական քարոզչության համար։

Նա հարց ուղղեց, թե այս պարագայում ինչպե՞ս է օրենքի կիրառումը լինելու հավասար։ Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ կարևոր չէ՝ ով կլինի օրինախախտը, եթե Քրեական օրենսգրքում կա դրույթ, որով կոնկրետ արարքի համար պատասխանատվության են ենթարկում, ցանկացած անձ պատասխանատվության պետք է ենթարկվի․

«Մեկ դիտարկում․ երբ ասում եք, որ ընդդիմությունը նման հնարավորություն չունի, մեր իրողությունն այնպիսին է, որ այսօր որոշ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող անձինք դա անում են։ Տվյալ անձինք իրենց ազդեցության, ենթակայության տակ գտնվող անձանց, այդ թվում՝ որոշ քաղաքապետեր իրենց աշխատակազմին, փորձում են որոշ բաներ պարտադրել», - ասաց նա։