Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Չելսին» Մադրիդում դիմակայեց «Ռեալին», Զիդանը կրկին չհաղթեց Տուխելին. չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալ»-«Չելսի» խաղից առաջ մասնագետներին հետաքրքրում էր մեկ հարց. արդյոք իսպանական ակումբին ու նրա գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին կհաջողվի առաջին անգամ հաղթել անգլիական ակումբին ու նրա գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին:

Բանն այն է, որ «Ռեալը» մինչ այդ եվրոպական գավաթներում «Չելսիի» հետ հանդիպել էր երեք անգամ և երբեք չէր հաղթել: Ֆրանսիացի մասնագետը 4 անգամ էր խաղացել իր գերմանացի գործընկերոջ դեմ, և դարձյալ չէր կարողացել կոտրել նրա թիմի դիմադրությունը:

Այս անգամ էլ Զինեդին Զիդանին չհաջողվեց գտնել Թոմաս Տուխելի թիմին հաղթելու բանալին: Ավելին, գերմանացի մարզիչն ավելի մոտ էր հաջողությանը, քանի որ նրա «Չելսին» վտանգավոր պահերով գերազանցեց «Ռեալին», հատկապես առաջին խաղակեսում: Սակայն, լոնդոնցիները միայն մեկ անգամ կարողացան իրացնել գոլային պահը, երբ Քրիստիան Պուլիշիչը խափս տվեց տանտերերի դարպասապահին և գրավեց դարպասը: Իսկ ահա մադրիդցիների միակ դիպուկ հարվածը հասավ իր նպատակին: Աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որն իր 71-րդ գոլը խփեց չեմպիոնների լիգայում:

Այդպիսով, թիմերի առաջին խաղում գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 1:1, որն որոշակի առավելություն է տալիս «Չելսիին»: Մայիսի 5-ին կայանալիք պատասխան խաղում եթե անգլիացիները կարողանան անառիկ պահել սեփական դարպասը, ապա իրենց պատմության մեջ երրորդ անգամ կմտնեն եզրափակիչ: