Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Կապանը՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք (տեսանյութ)

Դեռևս 2019 թ.-ին Կապանը ճանաչվել է Հայաստանի Երիտասարդական մայրաքաղաք, սակայն համավարակով պայմանավորված՝ միջոցառումների ծրագիրը հետաձգվել է:

Միջոցառումների պաշտոնական բացումը նախատեսվում է ս.թ. մայիսի 1-ին: Թեմայի շրջանակում այսօր «Արմենպրես» գործակալության սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը, ծրագրի շրջանակում նախարարության հետ համագործակցող «Ֆիչըր» կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանը: 

Ի՞նչ է Երիտասարդական մայրաքաղաքը

ՀՀ Երիտասարդական մայրաքաղաք հասկացությունը կարգավիճակ է, որը համապատասխան մրցույթի արդյունքում մեկ տարի ժամկետով շնորհվում է համայնքի կարգավիճակ ունեցող կամ համայնքի կազմի մեջ մտած քաղաքին: 

Ստանալով տվյալ տարվա Երիտասարդական մայրաքաղաք կարգավիճակը, ըստ բանախոսների, քաղաքային համայնքը հնարավորություն է ստանում աշխուժացնել համայնքային կյանքը, նպաստել երիտասարդների ներգրավմանը տվյալ համայնքի առաջընթացին, զարգացնել միջմարզային համագործակցությունը, ձեռք բերել նոր հմտություններ, բարձրաձայնել համայնքային նշանակության խնդիրների մասին և փնտրել համարժեք լուծումներ և այլն:

Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում

Ինչպես տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջ տարվա ընթացքում միջոցառումներ են նախատեսվում թե՛ Կապան քաղաքում, թե՛ Կապան խոշորացված համայնքում: Միջոցառումներն իրականացվելու են ԿԳՄՍ նախարարության, Կապանի քաղաքապետարանի և մի շարք կազմակերպությունների սերտ համագործակցությամբ: Փոխնախարարը միջոցառումների շարքում առանձնակի շեշտել է ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստը, որն այս տարի անցկացվելու է Հայաստանում, և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջոցառման եզրափակիչ փուլը, որը սովորաբար համընկնում է նույն ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստի հետ: Նախատեսվում է միջոցառումներն անցկացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: 

«Ակնկալում ենք, որ միջոցառումները կիրականացվեն առկա ռեժիմով. խրախուսում ենք մեր ԱՊՀ գործընկերների ժամանումը Հայաստան»,- ասել է Ա. Մարտիրոսյանը:

Գոհար Մամիկոնյանը ներկայացրել է բացման արարողության միջոցառումները՝ հավելելով, որ մինչև դեկտեմբեր նախատեսված են համայնքային, մարզային, համապետական նշանակության միջոցառումներ. «Ծրագրվում է այց Բաղաբուրջ հուշահամալիր, որտեղ ծաղիկներ կդրվեն Արցախյան պատերազմի զոհերի շիրիմներին: Միջոցառումներ են նախատեսված Կապանի մշակույթի կենտրոնում` մասնավորապես հուշագրի ստորագրում ԿԳՄՍ նախարարության և Կապանի համայնքապետարանի միջև, նկարչական ցուցահանդես: Նախատեսված է նաև համերգ` Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի անսամբլի, Կապանի մշակույթի տան երաժիշտների մասնակցությամբ»: 

Նա նշել է նաև, որ գործընկերների հետ քննարկվում է Երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումների շրջանակում Կապանում կազմակերպել համաժողով: 

«Ֆիչըր» ընկերության ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանը, լրացնելով գործընկերներին, տեղեկացրել է, որ տարաբնույթ միջոցառումների շարքում լինելու են սպորտլանդիա, ինտելեկտուալ խաղ-մրցույթ, երիտասարդների վերապատրաստման դասընթացներ, ոչ ֆորմալ կրթական ծրագրեր: Նա երիտասարդներին կոչ է արել ակտիվ լինել և ցուցաբերել բարձր մասնակցություն:

Միջոցառումները կանցկացվեն՝ առավելագույնս պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:

Առաջիկա անելիքները

Ըստ Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանի՝ 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հայտերի ընդունման փուլն արդեն ավարտվել է: Հայտ են ներկայացրել Արմավիր, Հրազդան, Եղեգնաձոր, Ալավերդի քաղաքները: Հայտերը դիտարկվելու են կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի կողմից: Ներկայացուցիչները համապատասխան ձևանմուշներով հունիս-հուլիս ամիսներին շրջայց են կատարելու նշված քաղաքներում՝ դիտարկելու, ինչից հետո հանձնաժողովների գնահատման և sms հաղորդագրությունների հիման վրա կընտրվի 2022 թ. Երիտասարդական մայրաքաղաքը: 

Ամփոփելով ասուլիսը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ավարտին է մոտենում Երիտասարդական քաղաքականության ռազմավարության նախագծի մշակման փուլը, և նախագիծը շուտով կտեղադրվի e-draft հարթակում: Փոխնախարարը հանրությանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել նախագծի հանրային քննարկմանը:



ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ