Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

3-4 տոկոս ագրեսիվ մասսան կուտեր 95 %-ին, եթե իրավապահները չլինեին․Աղազարյանը՝ Սյունիքի դեպքերի մասին (տեսանյութ)

Անվտանգային խնդիրներ կան մեր հայրենիքի գրեթե ողջ սահմանների երկայնքով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկի Աղազարյանը՝ անդրադառնալով «Ա1»-ի այն հարցին, թե արդյո՞ք Սյունիքում արավուսցի հովվի հետ տեղի ունեցած  միջադեպը չի խոսում այն մասին, որ այս մարզում անվտանգային լրջագույն խնդիրներ կան։

Ըստ Աղազարյանի, որոշ ուժեր ոչ միայն Սյունիքում այլ նաև երկրի ողջ տարածքում ուզում են իրենց համար բարենպաստ պայմաններ ստեղծել արտահերթ ընտրություններից առաջ

«Արտահերթ ընտրությունները ցույց կտան իրավիճակը, եւ արդյունքում մենք կտեսնենք՝ ինչ հանգուցալուծում է լինելու, միայն թե չասեն ընտրությունները կեղծել են, այն էլ Սյունիքում: Կտեսնենք ընտրությունների արդյունքում ինչ բաշխվածություն կլինի, որից հետո կկարողանանք գնահատականները տալ: Իսկ այսօր նրանց չափն անցնող  գռեհիկ պահվածքը հեռակա նպատակ ունի ընտրություններում հավանական վախի մթնոլորտ ստեղծելու եւ փորձել ճնշումներով, ընտրակաշառքներով ընտրողների վրա ազդել, որ հասնեն իրենց նպատակին, բայց դա տեղի չի ունենա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իրավապահների արձագանքին Սյունիքում վարչապետի այցի ընթացքում տեղի ունցած միջադեպերից հետո, Աղազարյանն ասում է՝ ոստիկանները պետք է պաշտպանեին քաղաքացիներին

«Այդ հայհոյանքները ուղղված էին առաջին հերթի ոստիկաններին, հետևաբար՝ պետք  է բերման ենթարկեին, բերման ենթարկվողներն էլ տառապալից դեմք են ընդունում, հո՞ չէին դնելու բամբակների մեջ բերման ենթարկեին, ես կողմ եմ շատ կոշտ, եզրային մեթոդներին: 3-4 տոկոս ագրեսիվ մասսան կուտեր 95 %-ին, եթե իրավապահները չլինեին»։

«Ա1»-ի հարցին, թե  մտավախություն չունե՞ն, որ շատ լարված քարոզարշավ է լինելու՝ հաշվի առնելով նաեւ  Սյունիքի դեպքերը, Աղազարյանն արձագանքեց.

 «Ես կարծում եմ՝ այդ լարվածությունն օր-օրի թուլանում է: Այդուհանդերձ կլինի լարված քարոզարաշավ, ընտրություններում էլ որոշակի լարվածություն կլինի, բայց այն գործելաոճը, որ որդեգրել են մեր իրավապահ մարմինները, այստեղ նույնպես կհաջողեն»:

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրութուններին, Աղազարյանն ասում է՝ եթե անգամ 50 տոկոս ստանա իշխանությունը ընտրություններում, էլի որեւէ ուժի հետ կոալիցիայի անհրաժեշտություն կառաջանա, որովհետեւ կան օրենսդրական գործընթացներ, որտեղ պահանջվում է որակյալ մեծամասնություն: 

Հարցին, թե ո՞ւմ հետ է ՔՊ-ն հնարավոր համարում կոալիցիան նոր խորհրդարանում, Աղազարյանն արձագանքեց

«Չենք կարող  կոալիցիա կազմել բոլոր այն ուժերի հետ, որոնք գտնվում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ»:

Նա որպես օրինակ նշեց 17+-ին՝ բացառություն անելով միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ նշելով, որ ԲՀԿ-ն առանձին է մասնակցում ընտրություններին․

 «Եթե ես որոշողը լինեի, չէի ցանկանա ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմվեր, սակայն ես չեմ բացառում, որ կարող է նման բան լինել: Ես չէի ցանկանա, որովհետեւ ԲՀԿ-ն բուրժուական բովանդակությամբ կուսակցություն է, որը վատ չէ, ուղղակի իմ պատկերացումները մի քիչ այլ են: Ես գտնում եմ, որ այնտեղ կան շատ մարդիկ, որոնք խնդիրներ պետք է ունենան խնդիրների հետ, հետեւաբար այդ իմաստով չէի ուզենա»: