Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սյունիքի նախկին մարզպետի կինը քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է, քաղաքական հետապնդում չկա.ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Մեղրիի անցակետը չի փակվել, թյուրընկալում է տեղի ունեցել, փակվել է Մեղրիում գործող մաքսային պահեստը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

«Մոտ մեկ ամիս առաջ ստուգումներ են իրականացվել գրեթե բոլոր մաքսային պահեստներում, և մի քանի տեղերում հայտնաբերվել են խախտումներ, Մեղրիում գործող մաքսային պահեստում հայտնաբերված խախտումները եղել են այնպիսին, որ անհամատեղելի են եղել գործունեության հետ, և իմ հրամանով մաքսային պահեստի լիցենզիան դադարեցվել է, կշտկեն, կվերանայենք»,-հայտնեց Հովհաննիսյանը։

ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, գտնվել է ՊԵԿ քննչական վարչությունում՝ քրեական գործի շրջանակում և հարցաքննվել է։

Թե ինչ գործի շրջանակում, ՊԵԿ նախագահը չմանրամասնեց, ասաց՝ պետք է դիմել նախաքննության մարմնին․

«Նախաքննության մարմինը կգնահատի՝ նպատակահարմար է տեղեկությունը տրամադրել, թե՝ ոչ», - ասաց նա։

Հովհաննիսյանը պնդեց՝  սա քաղաքական ճնշում չի կարելի որակել, քանի որ Էլիզաբեթ Պետրոսյանը ոչ միայն նախկին մարզպետի կինն է, այլ ինքնուրույն սուբյեկտ է և առանձին կազմակերպաիրավական միավորի ղեկավար։

Լրագրողների դիտարկմանը, թե ինչպես է ստացվում, որ այդ հարցաքննությունը համընկել է Սյունիքում վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի հետ, ՊԵԿ նախագահն արձագանքեց.

«Բոլոր համընկնումները դուք կամ հասարակությունը փորձում է մեկնաբանել քաղաքական ենթատեքստերի ներքո։ Նախկինում  ևս նշված անձը հրավիրվել է հարցաքննության»։