Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե Թուրքիան ու Ամերիկան էլ համաձայնեն, Ռուսաստանը թույլ չի տա․ Կարեն Դեմիրճյան (տեսանյութ)

1966-ին Անտոն Քոչինյանը Կարեն Դեմիրճյանին, որն այդ ժամանակ Երևանի քաղկոմի երրորդ քարտուղարն էր, հանձնարարում է ղեկավարել Ծիծեռնակաբերդի եղեռնի կոթողի շինարարությունը։ Շինարարների ու ճարտարապետների վկայությամբ պատասխանատու և գործին նվիրված Դեմիրճյանն ամեն պահ իրենց կողքին էր։ Նա իր վրա է վերցնում նաև կոթողի բացմանը հայ հոգևոր երաժշտություն հնչեցնելու պատասխանատվությունը։ 

«Եթե արգելվեր հոգևոր թեմայով գրված ստեղծագործությունները, պատկերացնում եք ինչպիսի կորուստներ կկրեր համամարդկային մշակույթը», - ասում էր նա։

Հայ ժողովրդի ցեղասպանության ավելի քան մեկ ու կես միլիոն զոհերից էին նաև Կարեն Դեմիրճյանի ծնողների՝ էրզրումցի Սերոբի և վանեցի Լուսիկի գերդաստանները։ 

Կարեն Դեմիրճյանի ավագ եղբայրը՝ Կամոն իր հուշերում գրում է․

 «Հորս մանուկ ժամանակ իր կապույտ աչքերի և շեկ մազերի համար մոլոկան էին ասում։ Մի անգամ դա նրան փրկում է։ Փախուստի ժամանակ նրան հանդիպում են երկու սպա՝ թուրք և գերմանացի։ հարցնում են՝ ո՞վ ես, ասում է՝ մոլոկան եմ, և նրան բաց են թողնում։ 

Հրաշքով փրկված մայրս և փոքր քույրը երկար թափառումներից հետո հանդիպում են կազակների զորախմբի, որոնք նրանց տանում են Էջմիածին։ Հովհաննես Թումանյանը այդ ժամանակ իր աղջիկների հետ Էջմիածնում էր՝ որբերին և գաղթականներին օգնություն կազմակերպելու համար, և մորս իրենց հետ տանում են Թիֆլիզ։ Թիֆլիզից եկած մի հարուստ ընտանիք էլ տանում է մորաքրոջս, ըստ երևույթին որդեգրելու նպատակով։ Մայրս հետագայում նրանից ոչ մի լուր չի ստանում, իսկ որոնումներն արդյունք չեն տալիս։ Թումանյանները որոծ ժամանակ իրենց տանը պահելուց հետո մորս տեղավորում են Ալեքսանդրապոլի որբանոցում։ Այստեղ էլ մայրս ու հայրս ծանոթանում են։ Ինչ վերաբերում է Դեմիրճյան ազգանունին, ապա երբ հորս որբանոց էին ընդունում, հարցնում են՝

-Անունդ ի՞նչ է, պատասխանում է՝ Սերոբ։

-Հորդ անո՞ւնն ինչ է։ 

-Նշան։

-Ազգանու՞նդ։

Չի հասկանում, նորից են հարցնում։ 

-Ինչպես էին գյուղում ձեզ անվանում։

-Դեմրչի,- ասում է նա, որ թուրքերեն նշանակում է դարբին։

Եվ այդպես էլ գրում են՝ Դեմիրճյան»։

 

1974 թվականին Կարեն Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, և նրան հաջողվում է կարճ ժամանակում Կրեմլի ղեկավարությանը համոզել, որ պաշտոնապես նշվի Հայոց ցեղասպանության 60-ամյա տարելիցը։ Եվ 1975-ի ապրիլի 24-ին առաջին անգամ ժողովրդի հետ Ծիծեռնակաբերդ բարձրացավ  հանրապետության ղեկավարությունը Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ: Այդ օրն առաջին անգամ հայտարարվեց լռության րոպե: Դեմիրճյանն իր հեռուստաելույթում դատապարտեց Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունը՝ տալով քաղաքական գնահատական և որակելով այն որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Առաջին անգամ պաշտոնապես երկրի ղեկավարն իր ելույթում օգտագործեց «ցեղասպանություն» բառը։ Սա արդեն ապրիլի 24-ի խորհուրդը չէր միայն, այլ հանրապետության ղեկավարի դիրքորոշումը հայկական հարցին։ Սա արդեն ոչ միայն սովետական Հայաստանի դիրքորոշումն էր, այլև Սովետական Միության։

Հայոց ցեղասպանության հարցը դարձավ համազգային պետական խնդիր և պետական քաղաքականություն։ 

Երբ մի հանդիպման ժամանակ Սերո Խանզադյանը հարցնում է Կարեն Դեմիրճյանին, թե՝ ինչպե՞ս է, որ դու մեր կորցրած հողերի պահանջը չես դնում, նա պատասխանում է․ «Եթե մենք ու Թուրքիան անգամ համաձայնության գանք, Ամերիկան չի թողնի, եթե անգամ մենք, Թուրքիան ու Ամերիկան էլ գանք համաձայնության, Ռուսաստանը թույլ չի տա»։