Մեզ համար կարևոր է, որ այս ծմակի մեջ լույս ծագի ազգի համար. «Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Միասնական Հայրենիք» կուսակցությունը հիմնադիր համագումար է հրավիրել՝ ընտրելու նախագահի եւ վարչության անդամների։ Նախագահ ընտրվեց Մհեր Տերտերյանը։ «Միասնական Հայրենիք»-ի ղեկավարն ասում է՝ առաջիկա ամիսների ընթացքում հանրությանը կներկայացնեն երկրի զարգացման վերաբերյալ իրենց տեսլականն ու այն իրագործելու գործիքակազմը։
«Դա կլինի Սփյուռք, դա կլինի Արցախ, կլինի անվտանգություն, բանակաշինություն, դա կլինի առողջապահություն, մշակույթ, ՌԴ-ի հետ հարաբերություններ, դա կլինի դիվանագիտական ուղղությամբ մեր դիրքորոշումները։ Մենք աստիճանաբար կներկայացնենք մեկ պարզ նպատակով՝ ուզում ենք մեր ազգն ունենա ընտրություն»,- ասաց նա։
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու են, չնայած քիչ ժամանակ ունեն՝ նախընտրական աշխատանքները կազմակերպելու համար։
Մհեր Տերտերյանը ընդգծեց, որ իրենց կարող են միանալ ազգի ու պետության շահերի մասին մտածող բոլոր անհատները․
«Մեզ համար չափազանց կարեւոր է, որ մեր կարգախոսն ու սկզբունքները մեզ հետ կիսեն մեր թիմակիցները։ Դա կարող է լինել միայն ճանապարհի, աշխատանքի ընթացքում։ մենք ունենք մեծ համայնք կողմնակիցների։ Պետք է համբերատար, մեր խոսքով, համոզելով ապացուցենք, որ մենք այն քաղաքական ուժն ենք ձեւավորել, որ մեր կողքին կանգնելը նպաստ է մեր երկրին»։
Քաղաքական գործող ուժերի հետ հանդիպումներ և քննարկումներ չեն ունեցել, քանի որ, կուսակցության ղեկավարի խոսքով, ներկայումս բոլորն արդեն ունեն իրենց ձևավորած մոտեցումներն ու ներկայացրել են իրենց դիրքորոշումները․
«Ով կարողացել է՝ իրեն վարկաբեկել է, ով կարողացել է՝ դիրքորոշումներ է հայտնել բազմազան հարցերի շուրջ։ Մենք կարողանում ենք դաշնակ լինել կամ գաղափարակից այն մարդկանց ու ցանկալի է՝ անհատների հետ, որ կիսում են մեր ուղղությունը, մեր սկզբունքը։ Մեզ համար կարեւոր է, որ այս ծմակի մեջ լույս ծագի մեր ազգի համար։ Խոսելու ենք ազնիվ, ուղիղ ու քաղաքակիրթ։ Ես շատ եմ կարեւորում, որ այս ատելության մթնոլորտի մեջ մենք լինենք քաղաքակիրթ ու առանց քննադատության խոսենք վաղվա ապագայի մասին»։
Մհեր Տերտերյանը ասում է՝ գուցե շատերն իրենց փորձեն նույնականացնել նախկինների հետ, որոշները՝ ներկաների, բայց իրենց աշխատանքը հայ ազգի և պետության շահերից է բխում։ Ցանկացած հարցում, դաշնակիցների եւ հարեւանների հետ հարաբերություններում իրենք կարեւորում են հե՛նց պետության ու ազգի շահը.
«Պետք է վերականգնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Շատ անգամ ասում են՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները լավ են, թե վատ են, նայած որ ժամանակահատվածում ես նայում։ Դա ընկերության պես է, ընկերության մեջ էական չէ՝ մեկը կլինի մեծահարուստ, մեկը՝ աղքատ, մեկը կլինի ֆիզիկապես ուժեղ, մյուսը՝ պակաս, բայց ընկերության մեջ կան ավելի կարեւոր արժեքներ, վստահություն, պատմություն, պատմական կապ, ընկերների մեջ լինում են վեճեր, բայց վեճերը պետք է շտկել»։
Մհեր Տերտերյանն ասում է՝ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ չեզոքացնելու երկրում տիրող անկայուն, պառակտված վիճակը։ Նա վստահ է՝ դա հնարավոր է միասնական լինելու, ուղիներ մշակելու եւ դրանք կյանքի կոչելու գործիքակազմ ներդնելու պարագայում։