Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ կներկայացնի Բրիտանիայի խորհրդարանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Թիմ Լոութենը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է պատրաստել, որը խորհրդարանին է ներկայացվելու մայիսին: Այս մասին նա հայտնել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում՝ հույս հայտնելով, որ օրինագիծը աջակցություն կստանա խորհրդարանի երկու պալատներում:
Նա ափսոսանք է հայտնել, որ չի կարողանալու այս տարի ոգեկոչման արարողություններին ներկա գտնվել Երևանում, սակայն ընդգծել է, որ իր հարգանքի տուրքը կմատուցի Լոնդոնում՝ տեղի հայկական համայնքի կողմից կազմակերպվելիք միջոցառմանը:
«Ողբերգական խորհրդանիշն այն է, որ 2020 թվականին ներխուժումը Լեռնային Ղարաբաղ տեղի ունեցավ ճիշտ նույն օրը, ինչ 100 տարի առաջ թուրքերը ներխուժել էին նորանկախ Հայաստան: Պատմությունը կարևոր է»,- ընդգծել է Լոութեն:
Նա հիշեցրել է, որ 1915 թվականի մայիսին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կառավարությունները համատեղ հռչակագիր հրապարակեցին՝ կոտորածներն անվանելով «հանցանք ընդդեմ մարդկության և քաղաքակրթության», ինչը նման բարձր մակարդակով արված առաջին նմանօրինակ հայտարարությունն էր: «1916 թվականին, երկու հիասքանչ բրիտանացի պատմաբանների և դիվանագետների՝ Ջեյմս Բրայսի և Առնոլդ Թըյնբիի ջանքերով Բրիտանիայի կառավարության կողմից հրապարակվեց Հայոց ցեղասպանության ականատեսների վկայությունները՝ «Հայերի նկատմամբ վերաբերմունքն Օսմանյան կայսրությունում, 1915-1916» վերնագրով, որը համարվում է Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի ու վկայությունների ամենանշանակալի հավաքածուներից մեկը:
Եվ չնայած այս ամենին ու շատ ուրիշ փաստերի, Բրիտանական կառավարությունը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հավատացած եմ, որ ի վերջո ժամանակն է, որ մեր կառավարությունը ճանաչի հարյուրամյա պատմություն ունեցող բռնությունը, որի ընթացքում ժամանակակից աշխարհում առաջին ցեղասպանության ժամանակ օսմանցիների կողմից սպանվեցին 1.5 մլն հայեր: Մենք Միացյալ Թագավորության խորհրդարանում շարունակելու ենք լոբբիստական գործունեությունն այս ուղղությամբ»,- հայտարարել է Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը:
Նա համոզմունք է հայտնել, որ այդ ճանապարհով, միանալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած մյուս երկրներին, Միացյալ Թագավորությունն ի ցույց կդնի «Համաշխարհային Բրիտանիայի առաքելությունը՝ որպես մեր օրերի աշխարհում ուժ հանուն բարօրության»,- նշել է նա՝ հիշատակի այս օրն իր համերաշխությունը հայտնելով Հայաստանին և հայ ժողովրդին: