Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

2021 թվականի մարտին գրանցված աշխատատեղերի բացարձակ թվի ռեկորդ է արձանագրվել․ կառավարություն (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

 

Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է տնտեսության վերականգնման միտումներին և 2021 թվականի մարտի ցուցանիշներին: Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի ապրիլի 2-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, ուզում եմ ընդգծել, որ մենք տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել և կարող ենք արձանագրել, որ 2021 թվականի մարտին եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել: 

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան -Շնորհակալություն, պարոն վարչապետ: Մենք ամփոփել ենք 2021 թվականի մարտ ամսվա աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները, և պատկերը հետևյալն է. անցյալ տարվա հետ համեմատած՝ հարկման բազա ունեցող, այսինքն՝ 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերն ավելացել են 2500-ով: Առհասարակ, հաշվի առնելով նախորդ տարի արդեն մարտ ամսից համավարակի առկայությունը և դրա հնարավոր ազդեցությունը, համեմատական վերլուծություններ իրականացվել են նաև 2019 թվականի համեմատ՝ իրավիճակն ավելի պատկերավոր հասկանալու նպատակով: Եվ 2019 թվականի մարտ ամսվա համեմատ՝ նույն աշխատատեղերի քանակն ավելի է 38 000-ով: Հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ դրամ, և այդ ցուցանիշը 2020 թվականի համեմատ ավելի է 7.5 մլրդ դրամով, իսկ 2019 թվականի համեմատ՝ 24 մլրդ դրամով: Միջին հարկման բազան կազմել է շուրջ 211 500 դրամ, որը 2020 թվականի նկատմամբ ավելի է 12 000 դրամով, իսկ 2019 թվականի նկատմամբ՝ շուրջ 28 000 դրամով: Ավելի է հաշվարկվել նաև եկամտային հարկը և՛ 2020 թվականի, և՛ 2019 թվականի նկատմամբ՝ համապատասխանաբար 0.5 մլրդ դրամ և 1.3 մլրդ դրամ գումարի չափով: Շնորհակալություն:   

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պարոն Հովհաննիսյան, իսկ մենք ունե՞նք վերլուծություն՝ այնուամենայնիվ, այս աշխատատեղերը նոր բացված աշխատատեղե՞ր են, թե՞ ուղղակի ստվերից դուրս եկող աշխատատեղեր են: 

 

Ուզում եմ նաև թվերի հավաստիության խնդրին անդրադառնալ և արձանագրել, որ այս թվերը ձևավորվում են գործատուների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա, և խոսքն այն աշխատատեղերի մասին է, որոնցում աշխատավարձ է վճարվել, եկամտային հարկ է հաշվառվել և հաշվետվություններով ներկայացվել է՝ կամ վճարվել է, կամ կվճարվի: Համեցեք:

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան - Այո, պարոն վարչապետ, ինչպես ներկայացրեցիք, թվերը բխում են հենց այդ բազայից՝ հարկային տեղեկատվական բազայից, որտեղ հաշվետվությունը ներկայացրել են հենց հարկ վճարողները՝ այն աշխատատեղերի վերաբերյալ, որտեղ հաշվարկվել և եկամուտ է վճարվել և դրանցից եկամտային հարկ է պահվել: Թվերի հավաստիության մասով կասկածելն ուղղակի անմտություն է: 

 

Ինչ վերաբերում է վերլուծությանը՝ այո, մենք որոշակի վերլուծություն արել ենք. այդ զանգվածի մեջ կա ինչպես ստվերից դուրս եկած հատված, բնականաբար, այնպես էլ, ենթադրվում է, դատելով առևտրաշրջանառության ծավալներից, ապրանքաշրջանառության և գործարքների քանակով ապրիլ ամիսը, 2019 թվականի համեմատ, ունի 20-22 տոկոսի աճ: Վերլուծության մասով նշեմ, որ ստվերի հատվածը բավական մեծ է, քանի որ մենք ունենք կոնկրետ հսկողական աշխատանքներ, որտեղ պատկերները հստակ են, այսինքն՝ թվային պատկերներ ունենք, հսկողական աշխատանքներ և դրա արդյունքում ավելի գրանցված վարձու աշխատողներ: 

 

Վերջերս մեր վերլուծական ստորաբաժանման կողմից ուղղակի մեկ վարժության արդյունքում, ընդամենը մեկ օրվա ընթացքում, 200 աշխատատեղերի գրանցման հայտ ներկայացվեց: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ վերլուծական վարչությունն ուսումնասիրել էր այն անհատ ձեռնարկատերերին, ովքեր միաժամանակ այլ հարկ վճարողի մոտ հանդիսանում էին վարձու աշխատող: Իրավիճակը մեկնաբանելու նպատակով նրանց ծանուցումներ ուղարկվեցին, քանի որ ֆիզիկական անձ անհատ ձեռնարկատերը չէր կարող աշխատել այլ հարկ վճարողի մոտ և միաժամանակ իր գործունեությունն իրականացնել: Այդ վարժության արդյունքում, ինչպես նշեցի, մեկ օրում 200 գրանցման հայտ ստացվեց: Սա ուղիղ վերաբերում է ստվերի կրճատմանը: Շնորհակալություն:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Ես կարծում եմ, այնուամենայնիվ, առևտրաշրջանառության մասով պետք է հաշվի առնենք, որ որոշակի գնաճ էլ կա, բայց ենթադրում եմ, որ եթե 20-22 տոկոս աճ ունենք՝ ենթադրենք 5-6 տոկոս գնաճ ունենք, այստեղ մեթոդաբանությունը ո՞րն է: Այսինքն՝ դա էլ վերլուծության նյութ է, թե որքանով է գնաճը նպաստել շրջանառության աճին, և որքանով է, այսպես ասած, բնական կամ բուն բովանդակային աճը: Այս պահին նման վերլուծություն ունե՞նք:

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան - Պարոն վարչապետ, Դուք շատ ճիշտ եք: Գնաճի գործոնը, բնականաբար, կա այստեղ, ուղղակի ապրիլ ամսվա ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, և այս պահին այդպիսի վերլուծություն չենք կարող անել: Շատ ավելի ուշ, երբ կունենանք ապրիլ ամսվա վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությունը, համապատասխան վերլուծությունը, այո, հնարավոր է իրականացնել: 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բայց, ամեն դեպքում, 20-22 տոկոս աճի մեջ չի կարող ամբողջը գնաճը լինել: Պարոն Հովհաննիսյան, վերջին անգամ, երբ մենք աշխատանքային հանդիպում ունեցանք, Դուք տեղեկանք ներկայացրեցիք, որ ապրիլի առաջին 15 օրվա ընթացքում ՀԴՄ կտրոնների թիվը մոտավորապես 4 մլն հատով ավելացել էր: Այնպես որ, երևի գնաճը և գումարած, այնուամենայնիվ, քանակական աճ նույնպես ունենք:

 

Հարգելի գործընկերներ, աշխատատեղերի հետ կապված ուզում եմ ասել, որ բացարձակ թիվը շուրջ 622 000 է, և ուզում եմ հիշեցնել, որ առաջին անգամ գրանցված աշխատատեղերի 600 000-ի շեմը մենք հաղթահարել ենք 2019 թվականի մայիսին: Դրանից առաջ Հայաստանում երբեք գրանցված 600 000 աշխատատեղ չի եղել: Եվ ուզում եմ ասել, որ 2021 թվականի մարտին, պարոն Հովհաննիսյանը 2019 թվականի ցուցանիշի նկատմամբ ասաց, բայց 2018 թվականի մարտի նկատմամբ ունենք 85 038 աշխատատեղի տարբերություն: Պարոն Քերոբյան, վերլուծե՞լ եք՝ աշխատատեղերի թվի աճը, այնուամենայնիվ, 100 տոկոսով ստվերի կրճատո՞ւմ է, թե՞ կան նաև նոր ստեղծվող աշխատատեղեր: 

 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան - Պարոն վարչապետ, մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ որքան ստվերից դուրս են գալիս, կան տնտեսվարողներ, որ ստվեր էլ են գնում, այնպես չէ, որ մեկ ուղղությամբ է այստեղ: Վերլուծությունները ցույց են տալիս, որ սա իսկապես տնտեսական աճի արդյունք է: Իհարկե, անցած տարվա մարտին կորոնավիրուսի  պատճառով դեռ աշխատատեղեր չէին կրճատվել, բայց աճի տրենդն էլ էր մի փոքր կոտրվել: Եվ եթե համեմատենք՝ ստացվում է, որ եթե այս տեմպերով գնանք, մյուս ամիս արդեն ապրիլ ամսվա համար կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ ընդհանուր Հայաստանի պատմության մեջ: Կարծում եմ՝ այս ցուցանիշները խոսում են նրա մասին, որ աշխատատեղերի շուկան, կարելի է ասել, ամբողջությամբ վերականգնվել է: Անհամբեր սպասում ենք ԱՎԿ՝ մյուս շաբաթվա տվյալներին, որպեսզի տեսնենք, թե ինչ արդյունքներ ունենք ՀՆԱ-ի և տնտեսական ակտիվության ցուցանիշի մասով: 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե ճիշտ եմ հասկանում՝ մենք ամիս ամսվա հետ ենք վերլուծում, համեմատում, որովհետև սեզոնայնության խնդիր կա: Այդ տրամաբանությամբ էլ, ես նայել եմ վիճակագրությունը ...

 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան  - Նաև կորը կորի հետ ենք համեմատում:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մարտ ամսվա համար մենք հիմա ունենք բացարձակ ռեկորդ: Այսինքն՝ Հայաստանի պատմության մեջ մարտ ամսվա ընթացքում երբեք ավելի մեծ թվով գրանցված, կրկին ուզում եմ ընդգծել, գրանցված աշխատատեղեր չեն եղել: Բայց իսկապես պետք է վերլուծվի, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Խնդրեմ, պարոն Գրիգորյան:

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան - Պարոն վարչապետ, գուցեև մարտ ամսվա վրա (2020թ.) կորոնավիրուսի ազդեցություն դեռևս այդքան չկար, բայց ես վստահ եմ՝ այսօրվա թվերը վկայում են այն մասին, որ 5-րդ, 18-րդ ու 21-րդ միջոցառումներով մենք, այնուամենայնիվ, մի ֆոն ենք ապահովել, որը հնարավորություն է տվել 2021 թվականի մարտի այս տվյալները ստանալ: Իհարկե, ավելի մանրամասն գնահատական կտրվի, բայց վստահ եմ, որ մեր միջոցառումները, որոնք միտված են եղել աշխատատեղերը պահպանելուն և այդ ընթացքն անցնելուն, արդյունավետ են եղել, հակառակ դեպքում՝ չէինք կարող մարտին այս թվերն ունենալ: Սա իմ համոզմունքն է, բայց կարծում եմ՝ նաև վերլուծության արդյունքներում կգանք այս նույն եզրահանգմանը: 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նաև այդ ֆոնին ուզում եմ հիշեցնել, որ մենք 2020 թվականի մայիսին մոտ 70 000 աշխատատեղ կորցրել էինք. մայիսի հաշվարկներով՝ ապրիլին արդեն 70 000 աշխատատեղ կորցրել էինք: Բայց հիմա նաև այդ բացարձակ թիվն արդեն գերազանցված է: Համենայնդեպս թվաբանությամբ: Պարտադիր չէ՝ այդ նույն աշխատատեղերը վերականգնված լինեն, կարող են այլ տեղերում բացված լինել, բայց, համենայնդեպս, բացարձակ թվով վերականգնված են: