Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Ապրիլի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: 

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տնտեսության և կառավարման ոլորտներում ԵՄ-ի ցուցաբերած շարունակական ֆինանսական ու տեխնիկական աջակցության համար, ինչպես նաև ընդգծել մարտի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի դերը հարաբերությունների հետագա զարգացման գործում: 

Խոսելով  տնտեսական միջնաժամկետ վերականգնման և զարգացման ծրագրերի մասին՝ փոխվարչապետն ասել է, որ դրանք պետք է խթանեն երկրի մրցունակությունը՝ նորարարական, տեխնոլոգիական և կայուն զարգացման արդյունավետ մեխանիզմներ ստեղծելով: 

Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում կողմերը անդրադարձել են երեք խոշոր ուղղությունների՝ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին, թվայնացման և նորարարության հարցերին: Հանրային կառավարման բարեփոխումները դիտելով որպես կառավարության առաջնահերթություն՝ Տիգրան Ավինյանը կարևորել է այս ուղղությամբ ԵՄ-ի հետ սերտ աշխատանքը:

Անդրադառնալով թվայնացման գործընթացին՝ նա հայտնել է, որ կառավարությունը պետական ծառայությունների մատուցման միասնական համակարգի ներդրման հարցում էական առաջընթաց ունի: Ռազմավարական պլանավորման, ծառայությունների մատուցման, քաղաքացիական ծառայության և պետական ինստիտուտներում հիմնարար փոփոխությունների հարցում փոխվարչապետը կարևոր պայման է համարել նորարարությունն ու ստեղծարարությունը: 

Հանդիպման օրակարգում էին երկկողմ համագործակցությամբ ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման հարցերը: Այս համատեքստում փոխվարչապետը առանձնացրել է հանրային տրանսպորտի համակարգի, ճանապարհների բարեկարգման և ավիացիոն անվտանգության ոլորտները: 

Անդրադարձ է կատարվել համագործակցությանը Էներգետիկ անվտանգության ու վերականգնվող էներգիայի բնագավառներում: Կարևորվել է կլիմայի փոփոխության մարտահրավերին արդյունավետ դիմակայելու և առկա ռեսուրսների կենտրոնացման ու ճիշտ կառավարման համար քաղաքականության մշակումը: Քննարկվել են նաև «պարտք՝ կլիմայի դիմաց» նորարարական ֆինանսական փոխանակման մեխանիզմի շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարները: