Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Հայաստանը մոտ 2200 թուրքական ապրանք պետք է փոխարինի կա՛մ  տեղական արտադրանքով, կա՛մ ներմուծի Իրանից (տեսանյութ)

Հայաստանում շատերը, այդ թվում` պետական համակարգի անձինք, դեռևս չեն գիտակցում Իրանի տնտեսական մեծ հնարավորությունները, ասում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով` Իրանի գործոնը տարածաշրջանում անտեսվել է, լիարժեք չի գնահատվել նրա հնարավորությունները, և այդ առումով հորդորանքները, մոտիվացիան, որոշակի համագործակցության տարբեր մոդելների կիրառությունը եղել է շատ սակավ.

«Ես 10 օր եղել եմ Իրանում և խորապես ուսումնասիրել եմ Իրանի տնտեսությունը` հանդիպելով ավելի քան 40 տարբեր արտադրող ձեռնարկությունների հետ», - նշեց նա:

Իրանում, Մակարյանի խոսքով, զարգացած է տեխնիկայի արտադրությունը, առողջապահությունը, շինարարությունն ու ճանապարհաշինությունը: Այդ ամենի հետ մեկտեղ աշխատավարձերը բավականին ցածր են, ապրանքը` էժան:

Հայաստան-Իրան տնտեսական համագործացկությունն այժմ կարող է բարելավվել, քանի որ, ինչպես նշեց Գագիկ Մակարյանը, Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելքի հետևանքով Հայաստանն այժմ մոտ 2200 թուրքական ապրանք պետք է փոխարինի կա՛մ  տեղական արտադրանքով, կա՛մ ներմուծի Իրանից:

Քանի որ Իրանի նկատմամբ շատ սանկցիաներ են կիրառվել, նրա խոսքով, այժմ Իրանը եվրոպական մի քանի երկրից է արտադրանք ներմուծում, բայց շարունակում է արտահանել սեփական արտադրանքը: Եվ քանի որ մեծաքանակ ապրանքներ ներմուծել չի հաջողվում, Իրանը գնում է ինքնաբավության մոդելով ու զարգացրել է գյուղատնտեսության ոլորտն ու հողագործությունը.

«Հայաստանն իրականում Իրանից կանաչ երկիր է, սակայն Իրանը կարողանում է տարբեր տեխնոլոգիաներով և եղանակային պայմաններով տարին երկու անգամ բերք հավաքել», - ասաց Գագիկ Մակարյանը:

Գյուղատնտեսության ոլորտում Իրանի հետ համագործակցությունը նույնպես իրատեսական է, նշեց նա: Իրանում այժմ շատ գործարաններ շահագրգռված են Հայաստանում հողեր վերցնել, այգիներ տնկել ու զարգացնել անասնապահությունը, զարգացնել սպանդանոցները.

«Իրանն ասում է, որ իրենք պատրաստակամ են մեզ համար լինել առևտրային գործընկեր նաև Իրաքի, Աֆղանստանի հետ, քանի որ այնտեղ շատ լավ կապեր ունեն», - ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք անասնապահության զարգացմանը չի կարող խոչընդոտներ մեր շատ արոտավայրերի հանձնումը Ադրբեջանին, Մակարյանը պատասխանեց, որ այժմ անասնապահությունն ավելի լոկալ է, այսինքն`կերակրել տեղում հատուկ արտադրված անասնակերով, ոչ թե նրանց տանել հարյուրավոր կիլոմետրեր, բաց թողնել դաշտերում կամ արոտավայրերում: Անասնապահության նման զարգացումը Հայաստանի համար կարող է ապահովել Իրանի հետ համագործակցությունը:

Հայաստան ապրանքների ներմուծման ծավալը, նրա խոսքով, 5 մլրդ դոլարի կարգի է, դրանում կեսը մթերքներ են և Իրանից որոշակի տեխնիկաներ, հումք բերելով` հնարավոր կլինի այդ մթերքն արտադրել տեղում ու նաև, ավելացնելով «արտադրված է Հայաստանում», արտահանել: