Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ և հայ երգիչների կատարմամբ հնչեցին արիաներ հայտնի օպերաներից

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի օպերային գալա համերգի ընթացքում ներկայացվեցին սիմֆոնիկ հատվածներ, արիաներ Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչչինիի, Ֆրանչեսկո Չիլեայի, Ռուջերո Լեոնկավալոյի, Գաետանո Դոնիձետտիի հայտնի օպերաներից։ Նվագախմբի հետ հանդես եկան տենոր Հովհաննես Այվազյանը‚ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը‚ տենոր Լիպարիտ Ավետիսյանը‚ սոպրանո Անահիտ Մխիթարյանը‚ մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը‚ բարիտոն Կիմ Սարգսյանը‚ մեցցո-սոպրանո Բելլա Ամարյանը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ 

Ամբողջ երեկոյի ընթացքում դահլիճում տիրում էր երաժշտության նկատմամբ խորը և իրական հետաքրքրության մթնոլորտ։ Երաժշտասերները ջերմորեն ընդունեցին Օթելլոյի արիան Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» օպերայից‚ Մանտուան դուքսի արիան Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից‚ Մադամ Բաթերֆլայի արիան Ջակոմո Պուչչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայից‚ Լեոնորայի արիան Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայից և այլն‚ որոնք երաժիշտների կողմից ներկայացվում էին մեծ ոգեշնչմամբ։

Մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը երեկոյի ընթացքում կապարեց արքայադուստր դե Բույոնի արիան Ֆրանչեսկո Չիլեայի «Ադրիանա Լեկուվրոր» oպերայից։ Ըստ երգչուհու՝ այն իր ամենասիրած ստեղծագործություններից է‚ և այդ արիան ընտրել են մաեստրո Ջանլուկա Մարչիանոյի հետ միասին. «Այս դերերգը շուտով կատարելու եմ նաև Իտալիայում‚ և այսօր լավ առիթ էր‚ որպեսզի իմ սիրած դերերգից գլխավոր արիան ներկայացնեմ հենց մաեստրո Մարչիանոյի հետ Երևանում»։ Սոֆիա Թումանյանը‚ խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին‚ նշում է‚ որ բազմիցս է հանդես եկել նվագախմբի հետ‚ և ինչպես ինքն է նշում‚ միշտ հաճույքով է ընդունում միասին ելույթ ունենալու հրավերները։ 

Տենոր Հովհաննես Այվազյանն էլ‚ որ ներկայացրեց Օթելլոյի արիան‚ ասում է‚ որ համավարակի հետևանքով ստեղծված համերգային դադարը նպաստեց‚ որպեսզի կարողանա պատրաստել Օթելլոյի դերը. «Համավարակի առաջին օրերին կարծում էինք‚ թե այն շուտ կավարտվի‚ սակայն հետագայում որոշեցինք ճիշտ օգտագործել ժամանակը և անել այն‚ ինչ մինչ այդ ժամանակի սղության պատճառով հնարավոր չէր լինում»։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ