Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ապրիլի 24-ին երթը դեպի Ծիծեռնակաբերդ պետք է լինի 44-օրյա պատերազմի զոհերի նկարներով․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Հայահավաք» շարժման հանձնախումբը, հասարակական և քաղաքական տարբեր ուժերի հետ քննարկումներից հետո, եկել է եզրակացության, որ այս տարվա ապրիլի 24-ը ևս մեկ անգամ պետք է հայտարարել ազգային միասնության օր, այս մասին ասուլիսում ասաց հանձնախմբի անդամ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ որոշում են կայացրել ապրիլի 24-ին ժամը առավոտյան 10։00-ին Կիևյան կամրջի հատվածում հավաքվել և երթ իրականացնել․

«Մենք գտնում ենք, որ պատերազմում մեր զոհված բոլոր երեխաների, տղաների, քաղաքացիական անձերի լուսանկարները պետք է լինեն մեզ հետ և դա հասցնենք մինչև Ծիծեռնակաբերդ։ Դա խորհրդանշական է, որովհետև, ցավոք սրտի, ցեղասպանությունը դեռ շարունակվում է և թուրք-ադրբեջանական տանդեմը ևս մեկ անգամ հաստատեց այդ նկրտումները՝ ոչնչացնել հայ ազգին», - ասաց Արամ Սարգսյանը։

Նա նշեց՝ կոչ են անում բոլոր հասարակական և քաղաքական ուժերին ոչ թե միանալ իրենց, այլ միասին մասնակցել երթին՝ հաստատելով, որ հայ ժողովուրդը միասնականության մեջ է անպարտելի և չի կորցրել իր արժանապատվությունը։ Բացի դրանից՝ ամբողջ աշխարհը նայելու է, թե ինչ են անում հայերը, արդյոք նրանք մոռացել են կամ մոռացության են տալիս այն ցավալի պարտությունը, որ եղել է։

«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ-ի հիմնադիր Արշակ Զաքարյանի խոսքով՝ անցյալ տարի հիշատակի օրը փչացրին գլոբալիստական ուժերը և ստիպեցին ծնողներին՝ իրենց ողջ երեխաների անունները գրել հուշաքարերին և արդյունքը տեսանք․

«Այս տարի ոչ մի կերպ թույլ չենք տալու, որ մեր հիշատակի օրերը և նաև տոները փչացնեն։ Մեռելոցը աշխատանքային օր հայտարարելով՝ փորձում են ասել՝ մոռացեք անցյալն ու ենթարկվեք միայն ներկային», - ասաց նա։

«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ-ի անդամ Տիգրան Չոբանյանն էլ ասաց՝ խոսքն ուզում է ուղղել նախ այն քաղաքացիներին, որոնք ակտիվորեն ներքաշվել են թշնամու հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու գաղափարի մեջ և որպես փաստ են առաջ բերում այն, թե՝ բա լա՞վ էր, որ դուք էլ իրենց հողերն էիք գրավել․

«Ուզում եմ հիշեցնել, որ այն ժամանակ պատերազմը մենք չէինք հրահրել, մենք պատերազմի զոհ էինք և հաղթեցինք այդ պատերազմը, ինչ էլ որ արեցինք, արեցինք անվտանգության և ապահովության համար և լավ արեցինք», - ասաց նա։

Չոբանյանը նշեց՝ ապրիլի 24-ը սգալու օր չէ, սուգն ավարտվել է, դա հիշատակման օր է, որը պետք է ցույց տա, որ պայքարը շարունակելու պարտավորություն ունենք։

Պատմությունը կարող է կրկնվել և շարունակվել ցեղասպանությունը, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Նրա խոսքով՝ մենք ունենք թշնամական պետություններ, որոնք ամեն ինչ անում են՝ ցեղասպանությունն ավարտին հասցնելու համար․

«Արևմտյան Հայաստանում կա ծպտյալ հայություն, որոնց 100 տարի թուրքական իշխանությունը, իր վարած ցինիկ վարչակազմով, փորձեց ոչնչացնել կամ պայմաններ ստեղծել, որ նրանք մոռանան իրենց հայի գենի մասին։ Այդ մարդիկ պետք է վերածնվեն, գան իրենց ինքնությանը։ Առաջարկում եմ, որ մեր մտքի սահմանները բացենք, որովհետև մենք ունենք Արևմտյան Հայաստան, որից չենք հրաժարվել և չենք հրաժարվելու», - ասաց նա։