Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_20210415_204132
A A
Մշակույթ

Սամվել Սպիունին այս անգամ էլ դահլիճ չմտավ․ Ռոման Բալայանի տարեդարձը նշեցին Երեւանում (տեսանյութ)

Երեկ ուշ երեկոյան Երեւանում նշում էին ուկրիանաբնակ  կինոռեժիսոր Ռոման Բալայանը ծննդյան 80-ամյակը, թեկուզ եւ ինքը Հայաստանում չէր։

Կինոմատոգրաֆիստների միությունում հավաքվել էին նրա ընկերները՝  նորից դիտելու Սամվել Սպիունի Սարիբեկյանի «Ճախրող հրեշտակներ․ Ռոման Բալայան» ֆիլմը։

Ընկերներն ասում են՝  Ռոման Բալայանը նայելով երբեք չես մտածի, որ այդ տարիքին է․ երեւի  բժիշկները պետք է հետազոտեն նրան և հասկանան՝ ինչպես է ստացվում, որ նա տարիներ շարունակ ընդհանրապես չի փոխվում։

Ֆիլմը Ռոման Բալայան ռեժիսորի, մարդու, հայի ու ընկերոջ մասին է, որտեղ նրան բացահայտում ես իր ֆիլմերով, կյանքի կարևոր ու անձնական դրվագներով, անընդհատ նորն ու տարբերվողը ստեղծելու ձգտումով։

Սամվել Սպիունին ֆիլմի ամբողջ ընթացքում ոչ մի րոպե դահլիճ չմտավ, միջանցքում քայլում էր, գալիս, դռնից մի քանի վայրկյան նայում ու նորից հեռանում։ Պատմում է, որ այդպես եղել է նաև ֆիլմի պրեմիերայի օրը, երբ «Մոսկվա» կինոթատրոնում ռեժիսորի 75-ամյակին նվիրված ցուցադրվել է ֆիլմն ու ներկա էր հենց Ռոման Բալայանը․

«Այնտեղ, երբ ցույց տվեցինք, ես փախա դահլիճից, նստեցի դրսում՝ սրճարանում, ու նայում էի ժամին, որ շուտով կավարտվի ֆիլմը։ Մի փոքր անց ընկերներս վազելով դուրս եկան, ասացին՝ ֆիլմը վերջացավ, հանդիսատեսը ծափահարեց, Ռոման բարձրացավ բեմ, որ երբեք նման բան չէր անում, ասաց՝ խնդրում եմ, մի հեռացեք, մինչև Սամվելը գա, ես բան ունեմ ասելու, երբ գնացի, ասաց՝ իմ մասին քանի ֆիլմեր արել են, բայց այսպես սիրով ու ջերմությամբ չի եղել», - ասաց Սամվել Սպիունին։

Ռոման Բալայանի մասին ֆիլմը միանգամից չի ստեղծվել, -ասում է Սպիունին։ Ինքը երկար տարիներ, երբ տարբեր առիթներով հանդիպել է նրան, ինչ-որ տեղեր են գնացել, օրինակ՝ Արցախ, միշտ օպերատորի հետ է եղել ու կողքից նկարել է ամեն ինչ ու այդպես մի քանի տարի։ Հետո արդեն, երբ բազմաթիվ նյութեր ու տեսանյութեր ուներ հավաքած, նկարահանող խմբով մեկնել է Կիև․

«Մինչ այդ ես երբեք չէի ասել, որ ուզում եմ նրա մասին ֆիլմ նկարել։ Երբ ամեն ինչ պատրաստ էր ու մեկնեցինք Կիև, նա արդեն տեսավ արված աշխատանքն ու սկսեց լսել իմ ասածին՝ որպես ռեժիսորի»։

 Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասում է՝ Ռոման արտաքուստ շատ թեթև բնավորության մարդ է, չպարտադրող, իրեն չցուցադրող․

«Հայի մի այլ տեսակ է, բայց հետաքրքիր, որ չի պարտադրում իր անունը, էությունը, ցավը, դարդը, դժվարությունները։ Թվում է՝ այս մարդը սիրուն ապրում է իր համար, բայց հոգու խորքում ունի տառապանք, բայց ոչ ցուցադրելու համար», - ասում է նա։

Ռոման Բալայանն իր ամենահայտնի՝ «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմով ստեղծել է հերոս, որ ապրում է մինչ օրս, գոյություն ունի յուրաքանչյուր հասարակության մեջ, -ասում է Էդվարդ Միլիտոնյանը։ Այդ ժամանակ ամբողջ երկրում նպատակային հերոսներ էին ընտրվում, որ դրական ու լավ գործ անելու համար կիրք, ջանք էին թափում, և ահա Բալայանը նկարեց ֆիլմ, որտեղ հերոսն անորոշության մեջ էր, անպատասխանատու կյանք էր ապրում։ Բայց դա հենց այն մարդն է, որ կա այսօր ու միշտ էլ լինելու է։