Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը պիտի աթոռը վերցներ, Կրեմլի միջանցքում սպասեր, մինչև Պուտինը դուրս գար, ասեր՝ Պուտին ջան, հարցը լուծի․ Արա Սիմոնյան (տեսանյութ)

«Փաստ չէ, որ արտահերթ ընտրություններ տեղի կունենան»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասում է «Հայրենիք» կուսակցության անդամ, ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արա Սիմոնյանը։

Հարցին, թե ընտրություններ լինելու պարագայում «Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի՞ քաղաքական գործընթացներին, Սիմոնյանն ասաց՝ կուսակցությունում այս հարցը դեռ չեն քննարկել, քանի որ վստահ չեն, որ ընտրություններ լինելու են։

Ամեն դեպքում բանախոսը կարծում է՝ ընտրություններով ստեղծված իրավիճակի հանգուցալուծում չի լինելու․

«Պատմությունը կրկնվում է ֆարսի ձևով, մի անգամ եղավ, մարդիկ եկան, էյֆորիայի ազդեցության տակ ընտրեցին, երկրորդ անգամ ֆարս է լինելու, երրորդ անգամ՝ ողբերգություն։ Վախենամ՝ դրան էլ հասցնեն։ Այս պառակտված վիճակում ժողովրդի հավաքական կարծիքը հարցնելը շատ խնդրահարույց է, բացի այդ՝ մարզերում լավ էլ վարչական ռեսուրս է օգտագործվում»։

Սիմոնյանը պնդում է՝ պատերազմը շարունակվում է, թուրքերը բոլոր կողմերով պատրաստվեցին և հետևողականորեն մեր երկիրը հասցրին այս իրավիճակին

«Նրանք որոշեցին Հայաստանը ներսից քայքայել»,-կարծում է Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է պատերազմին  և հարցին, թե ի՞նչ կարող էր անել Նիկոլ Փաշինյանը՝ այն կանգնեցնելու համար, Սիմոնյանն  ասում է՝ պետք է դիմեր Ռուսաստանի օգնությանը․

«Եթե  2-րդ, 3-րդ օրն իրեն տեղեկացրել են, որ ՀՕՊ-ը ոչնչացված է, վատ ենք, աթոռը պետք է վերցներ, գնար Կրեմլի միջանցքում սպասեր, մինչև Պուտինը դուրս գար, ասեր՝ Պուտին ջան, մի հատ էս հարցը լուծի, ի վերջո նրանք լուծեցին։ Շատ հնարավոր է՝ ռուսները ոչ էլ Նիկոլ Փաշինյանին հարցրել են, տեսել են՝ հեսա Ստեփանակերտն էլ է ընկնում, էկել, մտել են»։