Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ոսկերչյան
A A
Քաղաքականություն

Հայ ազգային կոնգրեսի ցավակցությունը Գրիգոր Ոսկերչյանի մահվան կապակցությամբ (տեսանյութ)

Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը խոր ցավով հայտնում է, որ 65 տարեկան հասակում կյանքից հեռացավ Կոնգրեսի վարչության անդամ, անվանի քաղաքական և հասարակական գործիչ՝ Գրիգոր Հարությունի Ոսկերչյանը։

Գրիգոր Ոսկերչյանը ծնվել է 1956թ․ հոկտեմբերի 1-ին Քամըշլիում (Սիրիա), որտեղից էլ 1965-ին ընտանիքով հայրենադարձվել են Հայաստան։ Ավարտել է Երևանի Պետական համալսարանը և Պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտը՝ համապատասխանաբար ֆիզիկոսի և ինժեներ-սիստեմատեխնիկի որակավորումներով։ 1982-1991-ին հանդիսացել է ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող։ 1991-ին ընտրվել է Աբովյանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ, 1996-ին՝ Աբովյանի առաջին քաղաքապետ։ Մեծ նվիրումով և պատվով է ղեկավարել քաղաքը պատերազմական և էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հետպատերազմյա տարիներին։ Նրա ղեկավարությամբ Աբովյանը լիովին պահպանեց և զարգացրեց կանաչ տարածքները, այն նաև հանրապետության առաջին քաղաքն էր, որտեղ պատերազմից կարճ ժամանակ անց՝ 1994-ին, ապահովվեց շուրջօրյա էլեկտրամատակարարումը և հիմնավորապես լուծվեց քաղաքի ջրամատակարարման խնդիրը։ 1995-1999 թվականներին հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, «Հանրապետություն» խմբակցության անդամ։ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդնոցներից է, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համահեղինակը և Հայաստանի համայնքների միության առաջին նախագահը։

Գրիգոր Ոսկերչյանի քաղաքական գործունեությունը սկսվել է Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրվանից՝ իրեն բնորոշ պատասխանատու ներգրավմամբ։ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարն էր, այնուհետև՝ Աբովյան քաղաքում և Կոտայքի շրջանում շարժման կազմակերպիչը, Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ։ Շարժման մեջ ունեցած բարձր հեղինակության շնորհիվ, տարիներ շարունակ ընտրվել է Հայոց Համազգային Շարժման և Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ։ Նույն նվիրումով և պատասխանատվությամբ ներգրավվեց 2008-ից սկիզբ առած Համաժողովրդական շարժմանը՝ ստանձնելով առաջին Նախագահ, Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Աբովյանի նախընտրական շտաբի ղեկավարի պարտականությունները։ 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո, համաժողովրդական շարժման տասնյակ այլ մասնակիցների հետ, շինծու մեղադրանքով կալանավորվեց հայտնի, այսպես կոչված «7-ի գործով», և, որպես քաղբանտարկյալ, մեկ տարի ու չորս ամիս անցկացրեց բանտում։ Երբեք չնահանջեց, չընկրկեց՝ հավատարիմ մնալով իր դավանած գաղափարներին և սկզբունքներին։ Առաջիկա օրերին սպասվում էր ՄԻԵԴ վճիռը՝  Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբ թույլ տրված իրավունքի խախտումները ճանաչելու վերաբերյալ։ Բարձր ինտելեկտի, բացառիկ ազնվության և արդարամտության որակների կրող էր, անկախության և ժողովրդավարության գաղափարների նվիրյալ։

Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը խորին ցավակցություն է հայտնում Գրիգոր Ոսկերչյանի հարազատներին և ընկերներին։

Նրա մահը նաև ծանր կորուստ է մեր կուսակցության համար։

Գրիգոր Ոսկերչյանի հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում։

Գրիգոր Ոսկերչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 18։00-ից՝ Նոր-Նորքի 5-րդ զանգվածի Սբ․Սարգիս եկեղեցում, հուղարկավորությունը՝ ապրիլի 16-ին, ժամը 13։00-ին՝ Երևանի նոր քաղաքային պանթեոնում։

Հարցազրույցը՝  Ա1+-ի արխիվից