Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որևէ մեկը հույս չունենա, թե հնարավոր է մոռանալ Մարտի 1-ն ու Քոչարյանի դերակատարությունը Մարտի 1-ին․ Բաբաջանյան (տեսանյութ)

Ես միամտաբար կարծում էի, որ առնվազն «Իմ քայլը» խմբակցության ներսում կգտնվեն որոշ ողջամիտ պատգամավորներ, ովքեր Խունդկարյան-Շաթիրյան-Վաղարշյան եռյակին այստեղ կրծքով պաշտպանելու համար ներողություն կխնդրեին մեր հանրությունից։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի վերջին որոշմանը ՔՕ 300․1 հոդվածի վերաբերյալ։

«Հույս ունեի, որ որոշ պատասխանատուներ այս տապալման համար ինքնակամ կհրաժարվեին իրենց զբաղեցրած պաշտոններից կամ նրանք ուղղակի դուրս կդրվեին համակարգից»,-հայտարարեց Բաբաջանյանը։

Նրա խոսքով, ՍԴ-ի հայտնի որոշումը Մարտի 1-ի գործով, դրան հաջորդող դատարանի որոշումը գործող իշխանության, Մարտի 1-ի  բացահայտմանը սպասող հասարակության պարտությունն էր, ու Ռոբերտ Քոչարյանի և նրա փաստաբանական թիմի ռևանշիզմի հաղթանակը․

 «Հայաստանում չկա որևէ ողջամիտ մարդ, ով կարող է կարծել, թե որևէ դատարան կարող է սրբագրել այդ զարհուրելի հանցագործությունը, որևէ մեկը հույս չունենա,  թե հնարավոր է մոռանալ Մարտի 1-ն ու անձնապես Քոչարյանի դերակատարությունը Մարտի 1-ին, որը իրականացվել է անմիջապես ոստիկանության, բանակի և քրեաօլիգարխիայի միջև հանցավոր համաձայնությամբ»։

Բաբաջանյանը ներողություն խնդրեց Մարտի 1-ի զոհերից, թվարկելով նրանց անունները, ապա հույս հայտնեց, որ գործը բացահայտվելու է անպայման․

«Եթե մեզ հաջողվի համախմբվել, արտահերթ ընտրություններում փոխել քաղաքական միջավայրը, կարծում եմ՝ կարելի է հիմնարար փոփոխությունների հասնել և նվաճել նաև դատական համակարգում էական փոփոխություններ, երկրում իրավական քաղաքականությունը տապալված է, դատաիրավական համակարգը անպատրաստ է Հայաստանում իրականացնել արդարադատություն»։

Ըստ Բաբաջանյանի, այս ճգնաժամը հանգուցալուծելու համար մեզ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ։