Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՊՀ
A A
Քաղաքականություն

Կառավարությունը պատրաստ չէ՞ բուհական ինքնավարությանը․ ինչո՞ւ են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 11 անդամները միաժամանակ հրաժարական ներկայացրել

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևի 11 ներկայացուցիչներ, առանց որևէ բացատրության, անդամությունից հրաժարվելու մասին դիմում են գրել։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Ուսանողական խորհրդի փոխնախագահ Խաչիկ Աբաջյանը։

Արդեն «Ա1+»-ի հետ զրույցում Աբաջյանը հիշեցրեց՝ տևական ժամանակ է՝ ԵՊՀ-ն ռեկտոր չունի, Հոգաբարձուների խորհուրդը պետք է ռեկտոր ընտրի։

 Նախորդ նիստի օրակարգում ներառված է եղել նաև  ռեկտորի նոր մրցույթ նշանակելու հարցը, ըստ Աբաջյանի՝ իշխանական թևի 16 ներկայացուցիչներից որևէ մեկը նիստին չի ներկայացել․

«Իրենք դիտավորյալ սաբոտաժ են արել, որպեսզի նիստը տապալեն»։

Աբաջյանը պնդում է՝ իշխանությունը ցանկանում է, որպեսզի Հոգաբարձուների խորհուրդը լուծարվի մինչև Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի վերջնական ուժի մեջ մտնելը։

Հիշեցնենք՝ օրենքն արդեն ԱԺ-ում ընդունվել է, սպասվում է, որ նախագահը սահմանված ժամկետում կստորագրի կամ կուղարկի ՍԴ։

«Եթե այդ օրենքն ընդունվի, սեպտեմբերին նորից Հոգաբարձուների խուրհուրդները պետք է ցրվեն, նորից գումարվեն, իրենք փորձ են անում մինչ սեպտեմբեր գործընթացը ձգձգել, թույլ չտալ, որ համալսարանը ունենա ռեկտոր, գործող Հոգաբարձուների խորհուրդ։ Ըստ կանոնադրության ՝ եթե Հոգաբարձուների խորհրդի կեսից ավելին դադարեն գործել, ամբողջ խորհուրդը լուծարվելու է, իսկ իշխանությունը խորհրդում ունի 16 ներկայացուցիչ»։

Աբաջյանը հիշեցում է՝ այս խորհուրդը ձևավորվել է 2020 թվականի հուլիսին, իրեն չի սպառել, հետևաբար՝ անդամությունից հրաժարվելու խնդիր չպետք է լիներ․

«Նոր օրենքի նախագծով Կառավարությունը խորհրդում ունենում է ավելի շատ ձայներ, և իրենք կարողանալու են իրենց ցանկալի ռեկտորի թեկնածուին անցկացնել,  եթե խորհրդում 9 անդամից 5-ը լինելու են ԿԳՄՍ-ի կողմից ներկայացված անձինք, ակնհայտ է, որ իրենք անելու են այնպես, ինչպես ուզելու են»։

«Ա1+»-ը զրուցեց նաև ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի հետ, վերջինս նշեց՝ տեղեկատվություն չունի, թե Հոգաբարձուների խորհրդի 11 անդամները ինչու են միաժամանկ հրաժարվել անդամությունից։

 Ըստ ԵՊՀ խոսնակի՝  Կառավարությունը պատրաստ չէ բուհական ինքնավարությանը․

«Իրենք ժամանակ են ձգում նոր օրենքի ուժի մեջ մտնեու համար, սակայն սա ոչ պատասխանատու վարք է Կառավարության կողմից, իրենք ունեն կանոնադրական պարտականություններ»։

ԵՊՀ խոսնակը պնդում է՝ խորհրդի անդամները են  շարունակում են ոչնչի քաղաքականությունը, այսինքն՝ ոչինչ չեն ձեռնարկում, բայց արգելակում են ամբողջ գործընթացը․

«Հոգաբարձուների խորհրդի անդամները պետք է հանդես գան ոչ թե  այն կազմակերպության շահերի անունից, որը իրեն գործուղել է, այլ պետք է պաշտպանեն այն կազմակերպության շահերը, որի անդամ հոգաբարձու են իրենք, սա օրենքի պահանջ է, որը խախտում են։ Երկրորդ կողմն այն է, որ Ժաննա Անդրեասյանը հայտարարում է, որ նախորդ նիստին չի եկել զբաղվածության պատճառով, այնինչ պարզվեց, որ սա որոշված քաղաքականություն է»։

Հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որևէ մեկի հետ հրաժարվելու հարցը չի համաձայնեցրել, հրաժարվել է, որովհետև  արդեն վաղուց այդ խորհրդում անելիք չէր տեսնում․

«Ես չգիտեմ՝ ովքեր են հրաժարական տվել կամ չտվել, ես իմ որոշումը կայացրել եմ վաղուց, նույնիսկ նախորդ նիստին չեմ գնացել որովհետև իմ մեջ կայացրել էի որոշում չգնալ։ Խորհրդի գործունեությունը արդյունավետ չէ։ Նախանցած նիստի ժամանակ, երբ հասկացանք, որ անընդհատ ճգնաժամ է, չենք կարողանում Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն անել, որոշեցի, որ այնտեղ լինելն անիմաստ է»։

 Մեկնաբանություն ստանալու համար «Ա1+»-ը դիմեց նաև ԿԳՄՍ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանին, վերջինս հորդորեց հարցն ուղարկել գրավոր։

Պատասխանն ստանալուն պես կներկայանցնեք։

Հիշեցնենք՝ ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարվել են  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը, ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը,  Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն հիմնադրամի տնօրեն Գայանե Հարությունյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։