Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մոսկվան մեր ֆիզիկական գոյության և ֆիկտիվ պետականության միակ երաշխավորն է․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Ռազմագերիների խնդիրը առաջացել է բացառապես Նիկոլ Փաշինյանի անձնական մեղքի, դավաճանության հետևանքով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանը պնդում է՝ Փաշինյանը պարտավոր էր եռակողմ համաձայնագրում ամրագրել գերիների վերադարձի վերջնական ժամկետ․

«Նիկոլը պարտավոր էր ոչ թե դավաճան գերազանցիկի հոգեբանությամբ կատարել այն ժամանակացույցը, որով մենք հանձնում էինք մեր հայրենիքի համապատասխան մասերը, այլ չկատարեր պարտավորությունները, մինչև գերիների վերադարձ չլիներ։ Նա բացեց հայկական կողմի խաղաքարտերը և Ադրբեջանին արտահանձնեց Ադրբեջանի համար ամենահյութալի պատառները՝ մարդասպաններին։ Նա մտավ կոմունիկացիաների շրջափակման բանակցության մեջ առանց 8-րդ կետի կատարման»,-թվարկեց ՀՀԿ փոխնախագահը։

Աշոտյանն ասում է՝ առնվազն քաղաքական իմաստով Նիկոլ Փաշինյանին դիտարկում է որպես դավաճան․

«Վստահ եմ՝ արդար դատավարությունը դեռ առջևում է, և Նիկոլ Փաշինյանն ու  իր թիմակիցները դեռ իրավական իմաստով ստանալու են դավաճանի պիտակ»։

ՀՀԿ փոխնախագահը համոզմունք ունի՝ եթե Հայաստանը թևակոխեց նախընտրական փուլ, Ալիևը ինչ-որ խումբ ռազմագերիներ կուղարկի Հայաստան, որպեսզի Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրացնի։

Աշոտյանն անդրադաձավ նաև պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված տղաներին․

«Խծաբերդի առեղծվածը գերեվարված և մահացած տղերքի ճակատագիր է, սա պատերազմական հանցագործություն է, իրենք պետք է բացատրեն՝ ինչ է տեղի ունեցել»։ 

Ըստ Աշոտյանի՝ խորհրդարանական դիվանագիտությունը չի զբաղվում  ռազմագերիների հարցով․

«Իմպոտենտ են և դավաճան է մեր Արտգործնախարարությունը և խորհրդանական դիվանագիտությունը, այդ  Ադրբեջանի վրա չկա միջազգային ճնշում ռազմագերիների հարցով»։

ՀՀԿ փոխխոսնակն ունի կոնկրետ առաջարկ՝ ամեն մի ռազմագերու ճակատագիրը պետք է կցել միջազգային որևէ պատգամավորի, ռազմագերիներ հասկացությունը պետք է տրոհել մարդկային ճակատագրերի և ամեն մի ճակատագրին կցել իր կուրատորը։

«Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է իր առաջարկությունը ներկայացնել կառավարությանը և Ազգային ժողովին, Աշոտյանը բացառեց, որ կներկայացնի գործող ղեկավարներին, նրա խոսքով՝ այս ամենի մեղավորների հետ քննարկելու բան չունի, նշեց, որ սրան հասնելու է Հանրապետականն իր ռեսուրսներով, կարող են միանալ նաև այլ կուսակցություններ, ովքեր դրսում ունեն ռեսուրսներ․

«Պետք է քաղաքական պոտենցիալը օգտագործվի մարդկային ճակատագրեր փրկելու համար։ Լսե՞լ են իմ առաջարկությունը, թող գնան, զբաղվեն»։

Աշոտյանն անդրադարձավ նաև Ապրիլյան պատերազմին, նշեց՝ Նիկոլ Փաշինյանն ուզում էր Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի միջոցով «Դամոկլյան սուր» կախել Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի գլխին․

«Ապրիլյան հանձնաժողովի նպատակներից մեկն այն էր, որ Ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը դրվեր կասկածի տակ, ինչի՞ համար, որ գալիք պատերազմում մեզ թուլացնե՞ր, բնականաբար, իրենք չստացան մի տվյալ, որը կարող էր ապացուցել իրենց զարհուրելի ստերը, շատ բաց աշխատեց Սերժ Սարգսյանը, ով իր ասուլիսում հայտարարեց, որ բանակցային գործընթացը տապալված է, պատերազմ է գալիս, զգույշ եղե՛ք»։

Աշոտյանը պնդում է՝ մենք Ապրիլյանին հաղթանակ ենք տարել, դրա համար Ադրբեջանը 4 տարի հետո նորից հարձակվեց։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Աշոտյանը համոզմունք ունի, որ Մոսկվան մեր ֆիզիկական գոյության և ֆիկտիվ պետականության միակ երաշխավորն է․

«Մոսկվայից պետք է ակնկալել մի բան՝ չխառնվելով ներքաղաքական գործընթացների մեջ՝ աջակցել Հայաստանին ոտքի կանգնել, Հայաստանը  նոր հավակնություններ կարող է ունենալ, եթե Հայաստանում  լինի իշխանափոխություն, և Մոսկվան մեզ օգնի»։

ՀՀԿ փոխխոսնակի խոսքով՝ եթե Արևմուտքը փորձեց օգտագործել Արցախյան խնդիրը Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական բախումների համատեքստում, մենք կործանված ենք, մեզ պետք է, որպեսզի ռուսական ազդեցությամբ ստեղծված նոր իրավիճակը ծառային նրան, որ թուրքական ազդեցությունը այս տարածաշրջանում մեղմվի։

Աշոտյանը չհստակեցրեց՝ ՀՀԿ-ն  մասնակցելո՞ւ է արտահերթ ընտրություններին, թե ոչ։