Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանում «AstraZeneca»-ով կպատվաստվեն միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիները․ նախարար (տեսանյութ)

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից, ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ապրիլի 13-ից մայրաքաղաքում  կսկսվեն պատվաստումները, ապրիլի 14-ից կսկսվեն մարզերում։ Առաջինը կսկսվի «AstraZeneca»-ով, մի քանի օր անց՝ «Sputnik V»-ով պատվաստումը», - ասաց նա։

Հայաստանը պատվաստանյութերի ձեռքբերման երկու ուղղությամբ է աշխատում՝ եվրոպական երկրների և Ռուսաստանի հետ, ասաց Անահիտ Ավանեսյանը․

«Միջազգային Covax Facility հարթակի միջոցով Հայաստանը պայամանագիր ունի, որի շրջանակներում կնքում է պայմանագրեր առանձին արտադրողների հետ։ Այս հարթակի միջոցով մեր առաջին պայմանագիրը «AstraZeneca» պատվաստանյութը ձեռք բերելու վերաբերյալ էր։ Մենք նաև արդեն ավարտական փուլին ենք հասցնում «Novavax» պատվաստանյութի ձեռքբերումը»։

Նախարարի խոսքով՝ ռուսական «Sputnik V»-ի համար կնքված պայամանագրի միջոցով էլ արդեն Հայաստան է հասել պատվաստանյութի 15 հազար դեղաչափ, որ նախատեսված է 7500 մարդու համար։

«Պատվաստանյութի օգտագործումը մեկնարկելիս կառաջնորդվենք հետևյալ քաղաքականությամբ։ «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ցուցումներում որոշակի փոփոխություններ են կատարվել և լրացուցիչ ապահովության համար կիրառվել է տարիքային սահմանափակում։ Մենք ևս մանրակրկիտ ուսումնասիրել ենք բոլոր մասնագիտական կառույցների եզրակացությունները և որոշեցինք իրականացնել միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար», - ասաց Անահիտ Ավանեսյանը։

Առաջին ռիսկի խումբը, նրա խոսքով, 65-ից բարձր քաղաքացիներն են։ Բուժաշխատողների, խրոնիկ հիվանդություններ ունեցողների և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար «AstraZeneca»-ով պատվաստման տարիքային շեմը կլինի 55-ը։

««Sputnik V» պատվաստանյութի օգտագործման ցուցումներում սահմանել ենք հետևյալը՝ բուժաշխատողներ 18-54 տարեկաններ, խրոնիկ հիվանդներ, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցներ՝ ևս 55 տարեկան։ Այս ցուցումները ժամանակի ընթացքում կվերանայվեն, երբ նոր խմբաքանակներ կլինեն և 65-ից բարձր քաղաքացիները ևս կպատվաստվեն «Sputnik V»-ով»։

Նման բաժանման նպատակը, նախարարի խոսքով, այն էր, որ բուժաշխատողների համար հստակ և հասկանալի չափորոշիչներ լինեն և չունենան տարընկալումներ, թե ում որ պատվաստանյութով պատվաստել։

«Մեր նախնական կանխորոշմամբ՝ բնակչության առնվազն 10%-ը ռիսկային խմբում է։ Բայց մենք մեզ համար նշաձող ենք սահմանել՝ մինչև 700 հազար անձանց պատվաստում իրականացնել։ Իհարկե, կախված կլինի ռիսկային խմբի մարդկանց դիմելիությունից և մեր կողմից վարվող բանակցությունների արդյունքից, թե ինչ գնով կկարողանանք ապահովել ապագայում պատվաստանյութերը», - ասաց Անահիտ Ավանեսյանը։

Խոսելով կորոնավիրուսային իրավիճակի մասին Հայաստանում, նա նշեց, որ մեկ-երկու շաբաթների ընթացքում կա կայուն լարված իրավիճակ և նվազում դեռ չկա․

«Միանշանակ կարևոր է, որ ունենք կայունացում, բայց այն դրական թեստերի արդյունքները, որոնք գրանցվում են, դրանց մեջ հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների համամասնությունը բավականին մեծ է: Այս պահին մենք ունենք ծավալված մոտ 2 600 մահճակալ, որոնք անընդհատ ավելացվում են: Բայց, ինչպես հասկանում եք, այս ռեսուրսն անսահման չէ: Առաջիկայում ևս ունենք հնարավորություն՝ մի փոքր ավելացնելու», - ասաց Անահիտ Ավանեսյանը։

 Հայաստանում պատվաստումներն իրականացվելու են պետական պատվերի շրջանակներում և բացառապես կամավորության սկզբունքով։