Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գերիներին պետք է տեղափոխեր Մուրադովը, ով տեղյակ չէր այդ մասին․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)

Արցախյան վերջին պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները երեկվանից փակել են Պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը։

Հարազատները պահանջում են հանդիպում Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի կամ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ։ Մերժել են նախարարության ներսում հանդիպելու առաջարկը՝ ՝պնդելով, որ պաշտոնյաներն անձամբ պետք է դուրս գան և հանդիպեն իրենց հետ։

Նախարարության մոտ իրավիճակը մի պահ լարվեց, ծնողները փորձեցին մուտք գործել տարածք։

Պաշտպանության նախարարություն ժամանեց  ոստիկանապետ Վահե Ղազարյանը, հանդիպեց ծնողներին, ինչից հետո մտավ նախարարության շենք։

Այս պահին ՊՆ-ի մոտ է նաև Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով ևս փորձում էր կազմակերպել ծնողների և նախարարի հանդիպումը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծնողները այս պահին պահանջում են բոլորով միասին ներս մտել և իրենց պահանջները ներկայացնել։

Հովսեփյանը հայտնեց ՊՆ փոխնախարարի հետ հեռախոսազրույց է ունեցել, վերջինս ասել է քննարկվում է լուծումներ։

Հովսեփյանը նշեց, որ երեկ ինքն արդեն տեղյակ էր, որ գերիների վերադարձ չի նախատեսվում, նշենք, որ այս մասին Հովսեփյանը երեկ ուշ երեկոյան հայտնել էր նաև «Ա1+»-ի հետ զրույցում

«Գերիներին պետք է տեղափոխեր Մուրադովը, ով տեղյակ չէր այդ մասին, միևնույն ժամանակ զարմացած էր՝ ինչու է կառավարության աշխատակազմից դուրս եկել այդ ինֆորմացիան և փոխանցվել գերիների ծնողներին պատգամավորի միջոցով։ Ինֆորմացիան փոխանցվել է Կառավարության աշխատակազմի և պատգամավորի միջոցով»,-նշեց Հովսեփյանը։

Ըստ Հովսեփյանի՝ եթե երեկվա կեղծիքը չլիներ, դժվար թե այսօր փողոցներ փակվեին, զուտ մարդիկ անելանելի վիճակի պատճառով ծայրահեղ քայլերի են գնում։

Գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիան Պաշտպանության նախարարության մոտ այս պահին շարունակվում է։