Բացել լրահոսը Փակել լրահոսը
meliqset
A A
Քաղաքականություն

Նախկին զինվորականը բողոք-նամակ է բերել Փաշինյանին

Նախկին զինվորական, ավագ ենթասպա Մելիքսեթ Գաբոյանը կրկին Կառավարության դիմաց էր։ Շիրակի մարզից նա  եկել  է Երևան՝ Կառավարության և ՀՀ Ոստիկանության շենքերի մոտ իր բողոքն արտահայտելու։

Քանի որ նախորդ անգամ՝ ապրիլի 1-ին ոստիկանապետ Վահե Ղազարյանը խոստացել և նրան երկու օր այդպես էլ չէր ընդունել, այս անգամ Մելիքսեթ Գաբոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակով էր եկել։

«Ա1+»-ին նա հայտնեց, որ չնայած այսօրվա դիմումը վարչապետին է ուղղված, ինքը հանդիպում ցանկանում է նաև ոստիկանապետի կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ․

«Արսեն Թորոսյանին տեսա դրսում, ըստ վարչապետի խոսքերի՝ բոլորը ժողովրդի ծառան են, բայց Արսեն Թորոսյանը նույնիսկ երեսիս չնայեց, չնայած մի քանի անգամ բղավեցի», - ասաց Մելիքսեթ Գաբոյանը։

Ոստիկանները կրկին այսօր էլ մոտեցել ու առաջարկել են գնալ բաժին, դիմում գրել ոստիկանապետին, բայց, նրա խոսքով, նախորդ անգամ էլ երկու օր խաբել, առաջարկել էին դիմում գրել ու այդպես էլ Վահե Ղազարյանը չէր ընդունել։

Մարտի 10-ին էլ Շիրակի մարզպետարանից պահանջած դիմումն է ներկայացրել՝ իր ունեցած բոլոր փաստաթղթերով՝ մոտ 80 էջ, մարտի 15-ին գնացել է տեսնելու՝ ինչպիսի իրավիճակ է, մարզպետի տեղակալը պատասխանել է՝ ի՞նչ է, ես պետք է նստեմ, այսքան թուղթը կարդամ, որ ձեզ պատասխանե՞մ․ «Եթե յուրաքանչյուր մարզում օրենքը գործեր, քաղաքացին չէր գա հասնի Երևան»։

Մելիքսեթ Գաբոյանի խոսքով՝ ակցիաները շարունակելու է, բայց շուտով գուցե նաև նստացույց և հացադուլ անի։

Հիշեցնենք, որ Մելիքսեթ Գաբոյանն արդեն 17 տարի պայքարում է իր իրավունքների համար և պնդում՝ Սահմանապահ զորքերի հրամանատարությունն իրեն ապօրինի կերպով ճանաչել է ՀՀ քաղաքացի և աշխատավարձը քիչ է վճարել։ ԽՍՀՄ անձնագրով 1994-2004 թվականներին ծառայել է Սահմանապահ զորքերում։ ԽՍՀՄ անձնագրի հիման վրա 5 անգամ պայմանագիր է կնքվել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հետ և այդ տարիներին իր աշխատավարձը քիչ են վճարել։

Ինչպես նա է նշում, հենց ծառայության ընթացքում բազմիցս դիմել է այդ հարցը կարգավորելու համար, սակայն նրան  զորացրել են։