Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները գլխավորում են Բելգրադի մրցաշարը

Հայաստանի շախմատիստներն այս օրերին մասնակցում են Սերբիայում անցկացվող միջազգային մրցաշարերում:

Այդ երկրի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Belgrade Spring Chess Festival 2021 մրցաշարում հանդես եկող գրոսմայստեր Հայկ Մ. Մարտիրոսյանը վեց տուրից հետո վաստակել է 5,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր շախմատիստն ոչ-ոքի է խաղացել միայն իր հայրենակից Շանթ Սարգսյանի հետ, որն այժմ 5 միավորով բաժանում է 2-5-րդ տեղերը:

Այսօր տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները: Հայկ Մ. Մարտիրոսյանը սպիտակներով կհանդիպի սերբ գրոսմայստեր Բոշկո Աբրամովիչի հետ, իսկ Շանթ Սարգսյանը սևերով կմրցի ամերիկացի միաջզգային վարպետ Ռավեն Ստյուարտի հետ:

Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր կմեկնարկի շախմատի մեկ այլ միջազգային մրցաշար, որին կմասնակցեն 17 շախմատիստ, այդ թվում 6 գրոսմայստեր: Հայաստանն այդ մրցումներում կներկայացնեն միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Մամիկոն Ղարիբյանը: Առաջին տուրում մերոնք կհանդիպեն Բուլղարիայի ներկայացուցիչների հետ: Արթուր Դավթյանի մրցակիցը գրոսմայստեր Միլկո Պոպչևն է, իսկ Մամիկոն Ղարիբյանը կխաղա բուլղարուհի Գերգանա Պեյչևայի հետ: