Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ժողովուրդը հասկանում է, որ մեր այլընտրանքը մի շրջանակ է,որը զբաղվել է թալանով երկար ժամանակ․ Պապոյան (տեսանյութ)

ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչվեց մի օրենք, որը ընդունվել է 2009 թվականին մի քաղաքական թիմի կողմից, որի առանցքային ներկայացուցիչ է եղել Հրայր Թովմասյանը, ով կողմ քվեարկեց, որ այդ օրենքը ճանաչվի հակասահմանադրական,-անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արդարացման դատավճռին՝ նման արձանագրում է անում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք քաղաքական իշխանությունը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, չէին շտապում՝ հայտարարելով, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, բացահայտված է, Պապոյանն ասում է՝ դրանք եղել են քաղաքական հայտարարություններ ձեռքի տակ եղած փաստերի հիման վրա, բայց նաև իրենք հայտարարել են, որ դատարանների գործունեությանը չեն միջամտելու․

«Ներկայումս մենք հաստատապես համոզված ենք, որ դատարանները իշխանությունից որևէ կախվածության մեջ չեն, այլ հարց է, թե այլ անձնանցից կախված են, թե ոչ»։

Մեր մյուս հարցին, թե արդյո՞ք սա քաղաքական իշխանության ձախողումը չէ,  որ ունենք կիսով չափ անկախ դատական համակարգ, ինչպես նշվում է,  Պապոյանն ասում է՝ ունեցել են բացթողումներ, թերացումներ և դրա համար ներողություն են խնդրում ժողովրդից և վստահության քվե են խնդրում՝ չկատարածը կատարելու համար։

Ինչ վերաբերում է ՍԴ-ին, Պապոյանն ասում է՝ ՍԴ են գործուղել մարդկանց, ովքեր ոլորտում փորձ են ունեցել, չեն փորձել միջամտել և ստեղծել սեփական Սահամանադրական դատարանը։

Հարցին, թե ինչո՞ւ պետք է ժողվուրդը կրկին ձայն տա մի իշխանության, ով չկարողացավ ստեղծել անկախ դատական համակարգ, Պապոյանն արձագանքում է․

«Մենք այդ ոլորտում հսկայական փոփոխություններ ենք արել,  դա երկարատև, բարդ գործընթաց է, դրանք կիսատ են մնացել, բայց ակնհայտ է, որոշակի բարեփոխումներ արվել են, միայն այն հանգամանքը, որ դատական համակարգը 100 տոկոսով անկախ է իշխանությունից, դա արդեն ձեռքբերոմ է և հաջորդ քայլի անցնելու նախապայման է։ Հասարակությունը տարբեր հանգամանքներ հաշվի առնելով է իր քվեն տալու, այսօր չկան անպատժելի պետական պաշտոնյաներ, մեծ կարծրատիպեր  են կոտրվում, որ պետական պաշտոնը արագ հարստանալու, թալանելու միջոց չէ, երկար ժամանակ այդ ընկալումը եղել է, մենք այդ կարծրատիպը կոտրում ենք։ Ժողովուրդը հասկանում է, որ մեր այլընտրանքը շատ դեպքերում մի շրջանակ է, որը զբաղվել է թալանով երկար ժամանակ, և իրենք շատ լավ ճանաչում են այդ շրջանակներին»։