Բացել լրահոսը Փակել լրահոսը
Tsitsernakaberd Memorial Complex, April 24, 2019
A A
Պաշտոնական

Ապրիլին կհայտարարվեն 2021 թ. «Ավրորայի» հերոսները

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մի շարք միջոցառումներ կանցկացնի 2021 թ. ապրիլին՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին, ճանաչման արժանացնելու այս տարվա «Ավրորայի» հերոսներին եւ իր հետագա նպաստը բերելու Արցախում մարդասիրական ճգնաժամի հաղթահարմանը: Այս միջոցառումները կհամախմբեն տեղական եւ միջազգային գործընկերներին, կօգնեն նրանց միավորելու ջանքերն առավելագույն ազդեցություն ունենալու համար: 

2021 թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, ծաղիկներ կխոնարհեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝  ի հիշատակ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության նահատակների: 

Նույն օրն ավելի ուշ Մատենադարանում հատուկ միջոցառման ընթացքում կհայտարարվեն 2021 թ. «Ավրորայի» հերոսները:  2021 թ. «Ավրորա» մրցանակի համար առաջադրումների փուլն ընթացավ 2020 թ. ապրիլի 24-ից մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 31-ը: Ստացված hարյուրավոր հայտերից 585-ը եզակի թեկնածուներ էին: Ավադույթի համաձայն՝ 2021 թ. «Ավրորայի» հերոսների անունները կարձանագրվեն նաեւ 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագրում, որն ամփոփում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարեգրությունը: 

2021 թ. ապրիլի 25-ին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի կունենա Aurora Dialogues «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկում: Այն կհամախմբի նախաձեռնության «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերներին, տեղական եւ սփյուռքի  կազմակերպությունների, հիմնադրամների, Արցախի պետական մարմինների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: 

Միջոցառմանը կկազմակերպվեն առողջապահության, կրթության եւ մշակույթի, տնտեսական զարգացման եւ սոցիալական թեմաներով աշխատարաններ: Դրանք կվարեն «Արաբկիր» բժշկական կենտրոն-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար, Կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը, «Ավրորան՝ Արցախին» ծրագրի ղեկավար, Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախկին նախարար Նարինե Աղբալյանը, Արցախի նախագահի՝ զարգացման ծրագրերի գծով խորհրդական, Impact Hub Yerevan հիմնադրամի համահիմնադիր եւ խորհրդի նախագահ Վահե Քեուշգերյանը եւ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ, ՀՕՖ երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը

Մասնակիցներին հնարավորություն կընձեռվի քննարկումների միջոցով անդրադառնալ 2020թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին, հստակեցնել առաջնային կարիքները, փոխանակել արտակարգ իրավիճակում գործելու լավագույն փորձը եւ համադրել մարդասիրական ջանքերը՝ արդյունավետ փոխգործակցության նպատակով: «Ավրորան՝ Արցախին» ծրագրի մեկնարկից ի վեր նախաձեռնությունն արդեն մոտ 1.7 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել՝ աջակցելով տեղական եւ միջազգային գործընկերների կողմից իրագործվող 75 նախագծի, եւ մտադիր է ընդլայնել գործունեությունը:  

Լուսանկարը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապրիլի 24, 2019 թ.

***

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

 

«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման: 

 

«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի  համաշխարհային  շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի  փրկողների  շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:

Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:  

Այս ութամյա հանձնառության (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն