Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 6-ը ապրիլի․ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

2000 թվականի ապրիլի 6-ին Վահան Հովհաննիսյանը լրագրողներին պատմում էր, թե որքան կշտամբանք են լսել Հայաստանի հասցեին դաշնակցական պատգամավորները, ովքեր ձգտել են համոզել Գերմանիայի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներին ներդրումներ անել մեր երկրում։

Վահան Հովհաննիսյանն առաջարկում էր ներել նախկինում կատարված թալանը՝ պայմանով, որ տվյալ պահից հնարավորին նվազագույնի հասցվեն կոռուպցիոն դրսեւորումները։

2001-ի ապրիլի 6-ին պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, թե ինչ արդյունք է ունեցել Քի Ուեսթում կայացած բանակցությունը ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ։ Իբրեւ պաշտոնական իրազեկողներ հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները։ Նրանք նշեցին, որ հակամարտ կողմերի նախագահների փոխադարձ բարյացկամ վերաբերմունքի պարագայում հնարավոր է եղել առաջընթաց արձանագրել, թեպետ կողմերը պայմանավորվել են առայժմ չհրապարակայնացնել, թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ ԱՄՆ համանախագահ Քերի Քավանոն հավանական համարեց, որ մոտ ապագայում նման հանդիպումներին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտություն կզգացվի։ Նույն օրը նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը, ինչպես նաեւ՝ Մինսկի խմբի համանախագահները, հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղար Քոլին Պաուելի մոտ։ Հեյդար Ալիեւը երկարաշունչ ճառ արտասանեց միլիոն փախստականների եւ իրենց տարածքի 20 տոկոսի օկուպացիայի մասին։ Ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Ֆլորիդա չի հասել քարոզչությամբ զբաղվելու համար։

Իշխանությունը մեղադրում էր բաշխիչ էլեկտացանցերի մասնավորեցման դեմ հանդես եկող ընդդիմությանը, թե բողոքի զանգվածային միջոցառումները խանգարում են Քի Ուեսթում լուրջ հանդիպում անցկացնող ՀՀ նախագահին։ Մեղադրանքներին պատասխանեց Արտաշես Գեղամյանը։

Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության առջեւ բողոքի ակցիա էին անցկացնում մի խումբ երիտասարդներ, ովքեր թեպետ չէին տիրապետում Արկադի Ղուկասյանի նկատմամբ կատարված մահափորձի գործի մանրամասներին, բայց պահանջում էին ազատ արձակել Սամվել Բաբայանին։ «Արցախի հերոսին չի կարելի նստացնել»,- համոզված էին երիտասարդները։

Մի քանի օր առաջ եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերության կոլեկտիվը 2002-ի ապրիլի 6-ին որոշեց մերժել նախագահ Քոչարյանի՝ հանդիպման եւ եթեր վերադառնալու հեռանկարները քննարկելու առաջարկը։

 

2007-ի այս օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը կառավարությանը ներկայացրեց նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանին։