Բացել լրահոսը Փակել լրահոսը
EKM_Gr
A A
Պաշտոնական

Մեր պատմության ընթացքում միշտ էլ վայրէջքներ ունեցել ենք, բայց դրանց հաջորդել են վերելքները․ ԵԿՄ ուղերձը

Երկրապահ կամավորականների միության ուղերձը․

«Պատմությունը ցույց է տալիս, որ հայրենի հողում ապրելու, մեր ստեղծածն ու արարածը ամուր պահելու համար մեր ամեն սերունդ դատապարտված է գտնվել անընդհատ պայքարի մեջ:

Այդ պայքարի ուղին շատ ծանր ու դաժան է, եւ մենք միշտ ապացուցել ենք, որ հերոսաբար պաշտպանում ենք մեր հայրենիքն ու բազում հայորդիների կյանքի գնով ձեռք բերած անկախությունը:
 
2016 թվականի ապրիլյան այս օրերին Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ: Առավել թեժ մարտեր ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային եւ հյուսիսարեւելյան ուղղություններում։ Պատերազմում անդառնալի կորուստներից խուսափելն անհնար է:
Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվեցին տասնյակ զինծառայողներ, կամավորներ, խաղաղ բնակիչներ:
Փա´ռք ու պատիվ նահատակված քաջերին:
 
Ադրբեջանի ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ չի դադարել եւ ոչ մի օր: Այդ երկրի ղեկավարությունը բացահայտ ցույց է տվել եւ այսօր էլ ցույց է տալիս իր զավթողական քաղաքականությունը:
 
2020թ. աշնանը իր բարեկամ երկրների միջազգային ահաբեկիչների օգնությամբ, նաեւ միջազգային կոնվեցիաներով արգելված զինատեսակներ օգտագործելով կրկին փորձեց հայաթափման ծրագիր իրականացնել:
Սակայն մեր թշնամիները դարերի ընթացքում պետք է հասկացած լինեին, որ մենք հայրենատեր, պայքարող ազգ ենք, մենք երբեք չենք ծնկի՝ մենք հավերժ ենք մեր լեռների պես:
 
Մեր պատմության ընթացքում միշտ էլ վայրեջքներ ունեցել ենք, բայց դրանց հաջորդել են վերելքները՝ մեր հավաքական կամքի, մեր միասնության շնորհիվ:
Փա´ռք մեր բանակին, զինվորներին, կամավորներին,
Փա´ռք հերոսածին մայրերին, մեր խոնարհումը որդեկորույս ընտանիքներին,
Փա´ռք Հայաստանի Հանրապետությանը, Արցախ աշխարհին,
Փա´ռք հայ ժողովրդին:
Սիրելի´ հայրենակիցներ
Երկրապահները հավատարիմ առաքելությանը ծառայել, ծառայում եւ ծառայելու են հանուն մեր Անկախ պետության, մեր ամուր պետականության պահպանման:
Ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը. «Եթե մենք միասնական ենք, պիտի զգուշանանք...մեր ցանկություններից, քանզի նրանք իրականանում են...»: Եվ այո´, մենք պետք է միասնական լինենք, որպեսզի կարողանանք դիմակայել բոլոր մարտահրավերներին, որպեսզի պատմությունն այլեւս չկրկնվի եւ մենք վերջապես ապրենք խաղաղ ու ապահով:
ՀՀ ԵԿՄ վարչություն»։