Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 31-ը մարտի․ «Մեր որոշ նախարարներ իրենց մորն էլ կծախեն» (տեսանյութ)

1998-ի մարտի 31-ին ԵԱՀԿ դիտորդները հայտարարում են, որ նախորդ օրը կայացած նախագահի ընտրությունների երկրորդ փուլը գովեստի արժանի է։ Սակայն դեռ շատ հեռու է եվրոպական չափանիշներից՝ խաբել են ընտրողներին, կեղծվել են ընտրողների ստորագրությունները, բազմաթիվ էին անօրինական քվեաթերթիկները։

«Չնայած դրան, ընտրություններն օրինական են»,-հռչակեցին դիտորդները Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Խաչատրյանը համաձայն չէ ԵԱՀԿ դիտորդների հետ՝ այո, ընտրությունները հանգիստ էին, սակայն կեղծիքները շատ էին ։ «Ժողովուրդն ինքը կբողոքարկի այս ընտրությունների արդյունքները»,-հայտարարում է Դեմիրճյանի շտաբի պետ Արմեն Խաչատրյանը։

Դավիթաշենի կամուրջի շինարարության համար փող չկա։ 2000 թվականի մարտի 31-ին քաղաքապետարանի ներկայացուցիչը հայտարարում է, որ 9 միլիարդ դրամ է պետք կամուրջի շինարարությունն ավարտելու համար։

2001-ի այս օրը ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը Իջեւանում հայտարարում է, որ սպասելիքներ ունի Ռոբերտ Քոչարյանից։ Փոխարենը նա չի խնայում եւ բնորոշումներ է տալիս պետական եւ քաղաքական գրեթե բոլոր կառույցներին։ Ազգային Ժողովն առաջին տեղում էր։ Երկրորդ տեղում Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարության նախարարների մի մասն էր։

«Արմենիա Լադա» ընկերությունը դատական վեճի մեջ է Հայաստանի մաքսային կոմիտեի հետ։ Մաքսային կոմիտեն «Արմենիա Լադա»-ից պահանջում է Ռուսաստանից ներկրված ավտոմեքենաները մաքսազերծել ըստ շուկայական գների։ Ավելի վաղ մաքսային կոմիտեն «Արմենիա Լադա»-ից մեքենաներ էր գնել, որոնք մաքսազերծվել էին գործարքի գներով։ Էժանով մեքենաներ ձեռքբերելուց հետո խաղի կանոնների փոփոխությունը մաքսային կոմիտեն բացատրում էի շուկայի պաշտպանությամբ։  Ի դեպ, 2004-ին այս մարդու հանդեպ իրականացվեց մահափորձ, իսկ 2005-ի փետրվարի 7-ին «Արմենիա Լադա»-ի տնօրեն Ռաֆայել Շահմուրադյանն սպանվեց Ռուսաստանի Տոլյատի քաղաքում։

2004-ի այս օրը Հայաստանում թեւածում է իշխանափոխության սպասումը։ Ռոբերտ Քոչարյանի ենթականերն ընդդիմության առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանին եւ Արտաշես Գեղամյանին սպառնում են ձերբակալությամբ։ «Եթե մեկը ուլտիմատումներով է խոսում իշխանությունների հետ, երբ բացեիբաց ասում են, որ լինելու է արյունահեղություն, կարծում եմ, որ իրավապահ մարմինները անելիք ունեն»,- Ազգային ժողովում լրագրողներին ասում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

2010-ի մարտի 31-ին Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփում է պարենային գների աճը եւ եզրակացնում՝ փետրվարի համեմատ կյանքը թանկացել է 9 տոկոսով։ Իսկ 2005 թվականի համեմատ՝ 30 տոկոսով։ Իսկ մեկ տարվա ընթացքում միայն բենզինի գներն աճել են 38 տոկոսով։

2011-ի մարտի 31-ին «Սարդարապատ» նախաձեռնությունը մոլորություն եւ հանցավոր անպատասխանատվություն է համարում բոլոր նրանց սպասումները, ովքեր կարծում են, թե հերթական կամ արտահերթ ընտրությունները կարող են անցնել քաղաքակիրթ մթնոլորտում։

Կառավարության ղեկավարները կթվորուհիներին սովորեցնում են կով կթել, ոստիկանները բանկեր են թալանում, ըստ որում երկու դեպքում էլ բավականին անհաջող, դա էլ չեն կարողանում անել, ընդդիմության խոշորագույն զանգվածի ղեկավարները ցավոք հավաքում են ժողովրդին եւ ուղարկում տուն։

2011-ի այս օրը Սերժ Սարգսյանն անդրադառնում է Ստեփանակերտից թռչող կամ այնտեղ վայրէջք կատարող առաջին քաղաքացիական օդանավը ռմբակոծելու մասին Ադրբեջանի հայտարարություններին. «Այդ ավիաթռիչքի առաջին ուղեւորը ես եմ լինելու... Շվեյցարիայի համադաշնությունն ամբողջովին մեզ կպաշտպանի»։