Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Պուտինին էլ ցույց տվեցին` պատվաստվել է, էլի չեմ հավատում․ քաղաքացիները` Covid-19-ի դեմ պատվաստվելու մասին (տեսանյութ)

Մարտի 28-ին Հայաստան է ներկրվել «Astrazeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ. այն առաջին հերթին նախատեսված է ռիսկային խմբերի համար։

 «Ա1+»-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով՝ պարզելու՝ արդյո՞ք մարդիկ կցանկանային պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Զրուցեցինք հիմնականում տարիքային առումով ռիսկային խմբում գտնվող քաղաքացիների հետ։ Նրանցից շատերը պնդեցին՝ պատվաստվելու չեն գնա, որովհետև մտահոգություններ ունեն հետևանքների վերաբերյալ։ 

Միայն մեկ տղամարդ վստահեցրեց, որ գնալու է պատվաստվելու, մի քանի քաղաքացի էլ նշեցին՝ կվստահեն, թե ռուսական պատվաստանյութը լինի։

Հարցված քաղաքացիների հիմնական մասը կորոնավիրուսով չէր վարակվել, ասացին՝ հետևում են կանոններին և փորձում են չվարակվել։

«Պուտինին էլ ցույց տվեցին` պատվաստվել է, բայց էլի չեմ հավատում»,-ասաց մի տղամարդ, ով հասցրել էր վարակվել կորոնավիրուսով և հիվանդանոցային պայմաններում երեքշաբաթյա բուժում ստանալ։

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց՝ համավարակը հաղթահարելու համար հիմա պետք է շեշտը դնել պատվաստումների վրա, արդեն իրականացվում է ձեռքբերված պատվաստանյութի բաշխում․

«Պոլիկլինիկաներում շուտով խոցելի խմբերին կկանչեն և կառաջարկեն պատվաստվել։ Խոցելի խմբերը հաշվառված են, մասնագետները կզանգեն, տեղյակ կպահեն, որ պատվաստանյութը կա, եթե ցանկանում եք, եկեք, պատվաստվեք»։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները, հատկապես փակ տարածքներում և հանրային տրանսպորտում, շարունակել հանրային լայն իրազեկումը դիմակի կրման մշակույթը տարածելու ուղղությամբ և կենտրոնանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերման աշխատանքների վրա: