Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչո՞ւ է Հայաստանը ներկրել «AstraZeneca» պատվաստանյութը (տեսանյութ)

 

 «COVAX FASILITY» նախաձեռնության շրջանակներում բացի «AstraZeneca»-ից առաջիկա օրերին այլ պատվաստանյութեր ևս կառաջարկվեն Հայաստանին։ Այս մասին հայտնեց  «Հիվանդությունների կանխարգելման վերահսկման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։ Հիշեցնենք, որ  երեկ Հայաստանը ստացել է կորոնավիրուսի «AstraZeneca» պատվաստանյութերի առաջին խմբաքանակը «COVAX FASILITY» նախաձեռնության միջոցով։

««AstraZeneca»-ն մի շարք երկրներում կլինիկական փորձարկումների է ենթարկվել, ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ իրավիճակներում կիրառելու թույլտվություն», - ասաց Գայանե Սահակյանը։

Հայաստանը «AstraZeneca»-ի մեկ չափաբաժինը ձեռք է բերում 4․5 դոլարով, մինչդեռ միջազգային շուկայում արժեքը 25 դոլար է։

Հայաստանում պատվաստանյութերը բաժանվելու են այն բուժհաստատություններին, որոնք ունեն պատվաստումային կաբինետ, սառնարանային շղթա․

«Բոլոր բուժհաստատությունների հետ աշխատելու ենք և համամասնորեն բաժանելու ենք պատվաստանյութը։ Մարզերում նույնպես ապահովված են սառնարանային համակարգերով և պատվաստանյութը մինչև շաբաթվա վերջ կհասնի մարզերի հեռավոր կետեր», - ասաց Գայանե Սահակյանը։

Պատվաստանյութը շատ քիչ դեպքերում է հակացուցված, նշեց մասնագետը։ Եթե մարդն ունի ալերգիա որևէ բաղադրիչի նկատմամբ, նախորդ դեղաչափից գրանցվել է անաֆիլակտիկ շոկ, տվյալ պահին ունի բարձր ջերմություն և խրոնիկ հիվանդության սրացում, միայն այդ պարագաներում պատվաստում չի իրականացվելու․

«Անաֆիլատիկ շոկ կարող է առաջանալ շատ հազվադեպ, սակայն այն հեշտ վերահսկվում է։ Բուժաշխատողը պետք է հասկանա՝ ունի ալերգիաներ հիվանդը, թե ոչ և ունենա համապատասխան միջոցներ՝ անաֆիլակտիկ շոկի դեպքում արագ արձագանքելու համար», - ասաց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Եգոր Զայցևը։

Զայցևի խոսքով՝ պատվաստվելուց հետո էլ մարդիկ չպետք է զգուշությունը կորցնեն և սկսեն չհետևել հակահամաճարակային կանոններին։

Գայանե Սահակյանը նշեց, որ պատվաստելուց առաջ բժիշկը հատուկ 4 էջանոց քարտ է լրացնելու՝ պարզելու ռիսկի խմբի մարդկանց մոտ առկա խնդիրները, որոնց գուցե մարդն ուշադրություն չի դարձրել։ Եթե լրացնելիս էլ խնդիրներ հայտնաբերվեն, մարդը հավելյալ հետազոտություն կանցնի պատվաստվելուց առաջ։

Մինչև այսօր աշխարհում օգտագործվել է «AstraZeneca»-ի 20 մլն-ից ավելի պատվաստանյութ, որից գրեթե 11 մլն-ը Անգլիայում։ Մասնագետները նշեցին, որ բավականին հուսադրող տվյալներ կան, քանի որ 11 մլն-ից ավելի պատվաստումներից հետո արտասովոր դեպքեր և մահեր չեն գրանցվել․

«Մարտի 18-ի ԱՀԿ նիստից հետո շատ եվրոպական երկրներ վերսկսել են «AstraZeneca»-ով պատվաստումները», - ասաց Գայանե Սահակյանը։ Հիշեցնենք, որ  որոշ երկրներ հրաժարվել էին այս պատվաստանյութից, քանի որ պացիենտների մոտ խնդիրներ էին առաջացել։

Նա անդրադարձավ նաև կորոնավիրուսի հայաստանյան ներկայիս իրավիճակին․ «Այս պահին ՀՀ-ում ծանր համաճարակային իրավիճակ է: Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը գրեթե սպառվում է: Մոտ 90 տոկոսով հիվանդության աճ է գրանցվել: Վիրուսի տարածման ցուցանիշն այս պահի դրությամբ 1,2 է, ինչը նշանակում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպք, ինչի հետևանքով մահճակալային ֆոնդը կսպառվի»։