Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պաշտոնական Անկարայի հետ որևէ խորհրդակցության, բանակցության մասին ԱԳՆ-ն տեղյակ չէ. Արա Այվազյան (տեսանյութ)

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում  ԲՀԿ պատգամավոր  Արման Աբովյանը ԱԳ նախարար Արա Այվազյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Թուրքիայի հետ գնում են բանակցություններ կամ կոնսուլտացիաներ՝ հաշվի առնելով իշխանության ներկայացուցիչների վերջին օրերի հայտարարությունները։

«Հայ ժողովուրդը, որը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, թերևս, ամենալավն է գիտակցում խաղաղության գինը։ Մենք թշնամիներ չենք փնտրում»,-պատգամավորի հարցադրմանն արձագանքեց ԱԳ նախարարը։ 

Նաև հիշեցրեց՝ անկախացումից ի վեր ՀՀ-ն տարբեր նախաձեռնություններով է  հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, վերջինը Ցյուրիխյան գործընթացն էր, որը Թուրքիայի կողմից ի չիք դարձվեց․

 «Մեր իսկապես ազնիվ և առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեր նախաձեռնությունը չփոխադարձվեց Անկարայի կողմից, ավելին՝ անցած դարի հայատյացութունը ոչ միայն չի դադարեցվել, այլ նաև արտահանվել է տարածաշրջան»։

Ըստ Այվազյանի՝ որպեսզի իրապես մեր տարածաշրջանում խաղաղություն լինի, ակնկալվում է,  որ Թուրքիան  լուրջ արմատական փոփոխությունների կենթարկի ՀՀ-ի հանդեպ իր արգրեսիվ  քաղաքականությունը և կվերացնի թշնամական գործողությունները։ 

 Ինչ վերաբերում է հնարավոր քննարկումներին, բանակցութուններին կամ կոնսուլտացիաներին, նախարարն ասաց՝  ԱԳՆ-ն  տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են տեղի ունենալ խորհրդակցություններ պաշտոնական Անկարայի հետ․

 «Պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ երկար ժամանակ ծանր ողբերգական անցյալ ունեցող երկրներն, ի վերջո, գտել են քաղաքական կամք և հասկացել են բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտությունը։ Հուսով եմ, որ Թուրքիան այդ գիտակցմանը, վաղ թե ուշ, կգա։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ Թուրքիան երբեք չի փոխի հայատյացության իր կեցվածքը», -եզրափակեց Այվազյանը՝ արձագանքելով Աբովյանի պնդմանը, թե Թուրքիան երբեք չի փոխի իր քաղաքականութունը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։