Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հանցագործության մասին գործ կհարուցեմ, եթե էս պայմաններում ինձանից գործ վերցնեն. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

«Նշանակման օրվանից փորձել եմ և աշխատում եմ դատավորի երդմանը համապատասխան, որևէ ճնշում ինձ համար նշանակություն չունի»,- Դատավորների  ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ճնշումներ լինո՞ւմ են իր վրա որոշումներ կայացնելիս։

Նա նշեց, որ ճնշումներ, բնականաբար, կարող են լինել, լինում էլ են, սակայն իր դեպքում այնպիսի ճնշումներ, որոնց համար անհրաժեշտ լինի հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, դիմել ԲԴԽ, չի եղել։

Դատավորը վստահեցրեց՝ անձամբ իրեն ճնշելու փորձեր չեն եղել։

Ինչ վերաբերում է  ԲԴԽ-ին լրացուցիչ լիազորություններով օժտելու վերաբերյալ նախագծին, Դավիթ Հարությունյանն ասաց. «Լրացուցիչ լիազորությունների հետ կապված,  չեմ կարծում, թե այդ նախագծի հեղինակները խորը իրավաբանական գիտելիքներ ունեն կամ առնվազն հետազոտություն են  իրականացրել այդ նախագիծը կազմելիս։ Ոչ միայն ես, գրեթե բոլոր գործընկերներս համակարծիք են այդ հարցում, նաև փաստաբանները»։

Դաավորը մատնանշում է, օրինակ, օրենքի այն կարգավորումը, թե  մինչև դատաքննության փուլ մտած գործերը կարող են փոխանցվել մի դատավորից մյուսին, ով, օրինակ, ի վիճակի է առավել բարդ գործեր քննել․

«Եթե ուժի մեջ մտնի այդ դրույթը, ես չեմ հավատում, թե ԲԴԽ-ն երբևէ կարող է այդ ձևակերպմանը համապատասխան դատավորներին տարանջատել՝ թեթև գործեր քննող դատավորներ, առավել բարդ գործեր քննող դատավորներ: Գործերի նման տարանջատում միջազգային ու ներպետական պրակտիակայում երբևէ չեմ լսել»։

Նա ասաց, որ եթե այսօրվա պայմաններում որևէ պաշտոնյա կամ Բարձրագույն դատական խորհրդի խորհուրդ, դատարանի նախագահ իրեն նման պահանջ ներկայացնի, հանցագործության մասին հաղորդում կներկայացնի․

«Հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ, եթե ինձնից վերցնեն։ Դատավորից գործ վերցնելը փոխանցելիության միջամտություն է:  Իսկ այն, որ փորձեն այդ երևույթին օրենսդրական տեսք հաղորդել, եթե անգամ ուժի մեջ մտնի, չեմ համաձայնվի»,-նշեց Հարությունյանը։