Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդդեմ Հրանտ Բագրատյանի դատական հայց ենք ներկայացրել․ Տավուշի մարզպետ (տեսանյութ)

«Այս պահին մենք ունենք կոնկրետ ներդրողներ, որոնք կասեցրել են իրենց գործունեությունը մարզում՝ տարածքների հանձնման լուրերի պատճառով»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Մարզպետի խոսքով՝ օրինակ անասնապահության ոլորտում 4 մլրդ ընդհանուր արժողությամբ ներդրումային ծրագիր կա, որը կանգնել է հենց այդ խոսակցությունների պատճառով, և ներդրողները ժամանակ են ուզել․

«Այդ պատճառով կանգնել է նաև խոշոր թռչնաբուծական համալիրի կառուցման ծրագիրը»։

Տավուշի մարզպետը հայտնեց, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ դատական հայց են ներկայացրել, քանի որ հենց նրա հայտարարությունները վնասել են ներդրումներին․

«Եթե ես ներդրող եմ, այդ տարածքում ուզում եմ ներդրում կատարել, և ինչ-որ մեկը հայտարարում է, որ այդ տարածքները հանձնվում են թշնամուն, հայտարարվում է սուտ, որ այդ տարածքներում ադրբեջանցիներ կան, ի՞նչ պիտի անեմ ես՝ որպես ներդրող, ես պիտի հրաժարվեմ առնվազն»,-նշեց Չոբանյանը։

 ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հենց այս պահին ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»։

Չոբանյանի խոսքով ՝ Տավուշի մարզում այս պահին մարդիկ զբաղված են իրենց աշխատանքով, ինչ վերաբերում է քաղաքական մոտեցումներին, կառավարության հրաժարականի պահանջին, մարզպետն  ասաց՝ այդ տրամադրությունները շատ չեն տարբերվում ընդհանուր երկրում առկա տրամադրություններից․

«Սահմանների հետ կապված հայտարարությունից հետո մի խումբ բնակիչներ փակել էին ճանապարհը, նշեցին, որ որևէ քաղաքական կուսակցության չեն պատկանում, պարզապես մտահոգ քաղաքացիներ են»։

Մազպետը նաև վստահեցրեց՝ մարզում դիտարկվող արտագաղթ չկա։

Տավուշի մարզպետն անդրադարձավ նաև արտահերթ ընտրություններին, նշեց որ ադ ընտրությունները քաղաքական ու էմոցիոնալ ծանր ֆոնը հաղթահարելու միջոց են․

«Երբ հասարակության մեջ կա քաղաքական լարվածություն, այդ լարվածությունը պիտի հաղթահարվի, որպեսզի կարողանանք աշխատել»։

Մարզպետը պնդեց՝ հաստատակամ են, որ այս երկրում այլևս փոխվել է ընտրությունները կեղծելու և ձևակերպելու ժամանակը, և Տավուշի մարզում գոնե  մարզային իշխանության մակարդակով վարչական ռեսուրս չի օգտագործվել։