Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գործի է դրվել մշակութային ժառանգության ոչնչացումը` փորձ անելով ջնջել կամ կեղծել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունը նախարար (տեսանյութ)

Աժ պատգամավորի հարցը եւ պատասխանը

Տաթևիկ Հայրապետյան. Պարոն Այվազյան, մարտի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացավ Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկային նիստը, որին ներկա էին բավականին ակնառու հայ արվեստագետներ։ Եվ եթե չեմ սխալվում, հանձնաժողովը ղեկավարում է պարոն Մանսուրյանը: Կցանկանայի իմանալ, թե ինչ նպատակներով է ստեղծվել այդ հանձնաժողովը, և թե ինչ հիմնական թիրախներ ունի, ինչպես է հայ դիվանագիտությունը պատրաստվում օգտագործել մշակույթի գործոնը, հատկապես` հետպատերազմյան շրջանում ստեղծված իրավիճակի համատեքստում: 

Արա Այվազյան. Շնորհակալություն հարցի համար, տիկին Հայրապետյան: Մենք շատ ենք կարևորում այդ հանձնաժողովի, այդ հարթակի ստեղծումը: Բացատրեմ ինչու. ներկայումս առավել քան երբևէ պետք է ակտիվացնենք մեր միջազգային համագործակցությունը և մեր ներգրավվածությունը միջազգային հանրության հետ: Այդ իմաստով մշակույթը՝ որպես «փափուկ ուժի» գործոն, շատ կարևոր դերակատարում ունի: Այս հարթակի ստեղծմամբ մենք հայտ ենք ներկայացնում մշակույթը մեր դիվանագիտական զինանոցի կարևոր գործիք դարձնելու ուղղությամբ:

Ավելացնեմ, որ հայ ժողովուրդը, բոլորս հպարտությամբ ենք դիտարկում հազարամյակների քաղաքակրթական մեր ժառանգությունը: Եվ մեր արվեստը, մշակույթը դիվանագիտության միջոցով որոշ չափով պետք է դառնան մեր այցեքարտերից մեկը միջազգային հանրության հետ շփումներում: 

Հայազգի արվեստագետները դարեր ի վեր ստեղծել և շարունակում են ստեղծել մնայուն արժեքներ, մշակութային կոթողներ և արվեստի գործեր, որոնք, հիրավի, ունեն համամարդկային նշանակություն և հանդիսանում են համաշխարհային մշակութային  ժառանգության գոհարներ: Մշակույթի միջոցով մենք ուզում ենք` մեր դիվանագիտական աշխատանքում ձևավորվի Հայաստանի նոր ընկալումը կամ վերականգնվի Հայաստանի ընկալումը` որպես մեր տարածաշրջանի մշակույթի, կրթության և գիտության կենտրոն։ Մենք ունենք այդպիսի հարաբերական առավելություն, և այդ գաղափարախոսությունն է դրված մեր այս հարթակի ստեղծման հիմքում։

Տաթևիկ Հայրապետյան. Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ ինքս շատ ոգևորությամբ եմ մոտեցել այդ գաղափարին և իսկապես կարևորում եմ դա։ Արձագանքելու տեսքով նաև նշեմ, քանի որ վերջին շրջանում, վերջին պատերազմից հետո ադրբեջանական օկուպացիայի ներքո գտնվող Արցախի տարածքներում ադրբեջանական կողմն իրականացնում է հստակ քաղաքականություն՝ հայկական մշակութային ժառանգության վերացման ուղղությամբ․ Ալիևն անձամբ հրահանգներ է ուղարկում այդ հարցով։ Ես կցանկանայի իմանալ, թե այս հանձնաժողովն իր առջև դրված նպատակներով որքանով կնպաստի, որ այս հարցերը բարձրաձայնվեն միջազգային հանրությունում, և ոչ միայն բարձրաձայնվեն, այլև համապատասխան գործիքակազմ կիրառվի այդ տարածքներից հայկական մշակութային ժառանգության բնաջնջման քաղաքականությունը դադարեցնելու և կանխելու ուղղությամբ։

Արա Այվազյան. Շնորհակալություն, տիկին Հայրապետյան: Բնականաբար, մշակույթի առաջմղումը միջազգային ասպարեզում, ինչպես նաև  մեր մնայուն արժեքների պաշտպանությունը  այս հանձնաժողովի, այս հարթակի առաջնային խնդիրն է: 

Արցախի պատմամշակութային ժառանգությունը համաշխարհային մշակույթի անբաժանելի մասն է. դրա ոչնչացումը, պղծումը կամ կեղծումը պետք է խստագույնս կանխվեն: Ինչպես այս հարթակը, այնպես էլ մեր ամենօրյա շփումները՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, միտված են միջազգային ջանքերի շնորհիվ այս խնդրի հասցեագրմանը:

Հայտնի է, որ Արցախի այն տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, տեղի է ունեցել լիակատար հայաթափում: Եվ այսօր գործի է դրվել նաև մշակութային ժառանգության ոչնչացումը` փորձ անելով ջնջել կամ կեղծել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունը և նրա պատկանելությունը: