Պոլիտեխնիկում դեռևս ռեկտոր չի նշանակվել․ նախարարը՝ Աշոտյանի սանիկի ընտրության մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊոլիտեխնիկական համալսարանում դեռևս ռեկտոր չի նշանակվել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Պոլիտեխնիկում ռեկտոր է նշանակվել Արմեն Աշոտյանի սանիկը։
«Եղել է գործընթաց ուրբաթ օրը, մենք ստացել ենք փաստաթղթեր Խորհրդի նախագահի կողմից ներկայացված, կուսումնասիրենք, սահմանված կարգով որոշում կկայացվի։ Որոշակի հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն»,-նշեց նախարարը՝ խոստանալով, որ կայացված որոշումը հիմնավորելու են խնդիրները վերլուծելուց հետո։
Թե ինչ խնդիրների մասին է խոսքը, նախարարը չհստակեցրեց, միայն վստահեցրեց՝ անձնական կապերին չեն անդրադառնալու։
Ինչ վերաբերում է հարցին, թե ԲՈԿ-ը ինչո՞ւ մինչև հիմա չունի նախագահ, նախարարը վստահեցրեց՝ Բարձրագույն որակավորման կոմիտեն շուտով կունենա նախագահ։
Վահրամ Դումանյանը հրաժարվեց մեկնաբանել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին և հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում դպրոցները, բուհերը հեռու պահել քաղաքական գործընթացներից, Դումանյանը կարճ արձագանքեց՝ չի լինելու նման բան։
Լրագրողների դիտարկումներին, թե Նիկոլ Փաշինյանի մարզային հանդիպումների ընթացքում երեխաներն առաջին շարքում էին, արդյո՞ք սա խնդրահարույց չէ, Դումանյանը պնդեց՝ մարդիկ ազատ են, կարծում է՝ երեխաները ցանկություն ունեցել են գնալ և կանգել առաջին շարքում։
Հարցին, թե հնարավո՞ր է կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումներ լինեն, նախարարն ասաց՝ գուշակել չի կարող, եթե լինեն պարտադրված, ստիպված պետք է փակեն։